Մատչելիության հղումներ

Թուրքական ծագումով գերմանացի գործիչը Էրդողանին կոչ է անում բացել հայ-թուրքական սահմանը


Թուրքական ծագումով գերմանացի գործիչը Էրդողանին կոչ է անում բացել հայ-թուրքական սահմանը
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00

Եթե հնարավորություն ունենամ խոսել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, իմ ուղերձը կլինի` բացե՛ք Հայաստանի հետ սահմանը, ինչը յուրատեսակ քայլ կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «Ազատության» հետ զրույցում ասաց Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Հենց նրա կուսակցության նախաձեռնությամբ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում է կայանալու, որի արդյունքները կամփոփվեն բանաձևում:

Օզդեմիրը, ով ի դեպ ազգությամբ թուրք է, օրերս Երևանում էր՝ պատվիրակության հետ միասին:

«Ես ներկայացնում եմ Գերմանիան՝ մի երկիր, որը մասնակցությունն է ունեցել Հայոց ցեղասպանության գործում՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից: Իմ նախնիները եկել են մի երկրից, որը, դժբախտաբար, պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար: Որպես Գերմանիայի քաղաքացի՝ ես պատասխանատվություն եմ զգում: Եվ եթե ես հնարավորություն ունենամ խոսել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, իմ ուղերձը կլինի՝ բացե՛ք Հայաստանի հետ սահմանը, որը յուրատեսակ քայլ կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։ Եվ սահմանը կոչեք Հրանտ Դինքի անունով,սա մեկ այլ ժեստ կլինի՝ հիշելու Հրանտին, ով իր կյանքը նվիրեց հայերին ու թուրքերին մերձեցնելու համար»,- ասաց Օզդեմիրը։

«Հետո, անշուշտ, երբ սահմանը բաց կլինի, շատ բաներ ավելի դյուրին կլինի անել․ թուրքերն ու հայերը կհանդիպեն միմյանց, թուրքական տնտեսությունը կարող է ներդրումներ կատարել Հայաստանում, դա կօգնի Հայաստանին ավելի մոտենալ Եվրոպային, որովհետև Հայաստանի համար Թուրքիան կարող է որպես դարպաս ծառայել դեպի Եվրոպա: Սա Եվրամիության, Թուրքիայի շահերից է բխում՝ ունենալ այնպիսի Հայաստան, որն այդքան մոտ չէ Ռուսաստանին»,-հավելեց Բունդեսթագի պատգամավորը։

Օզեմդիրը կարծում է, որ վաղ, թե ուշ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը.- «Դա ժամանակի հարց է: Չգիտեմ, երբ դա տեղի կունենա, բայց վստահ եմ՝ դա տեղի կունենա: Առաջին անգամը չէ, որ բանակցություններ են ընթանում այդ հարցով և առաջին անգամը չէ, որ բանակցություններ են ընթանում հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցով: Մենք ունենք հայ-թուրքական արձանագրությունները, որոնց կյանքի կոչելը շատ իրական էր, բայց դժբախտաբար Թուրքիան խուսափեց վավերացնել: Շատ տարիներ առաջ՝ Հայաստանի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի հետ գաղտնի բանակցություններ էր վարել: Ոչ ոք Թուրքիայում չէր կարող պատկերացնել, որ նման բան կարող է տեղի ունենալ: Նրանք շատ մոտ էին պայմանավորվածության ձեռքբերմանը, սակայն, ցավոք, թուրքական այդ կուսակցության առաջնորդը մահացավ: Ուստի, կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը քաջալերման կարիք ունեն, ևչեմ կարծում, թե որևէ պատճառ գոյություն ունի, որը թույլ չի տալիս Թուրքիայի առաջնորդին նման քաջություն ցուցաբերել»:

«Այս ապրիլի 24-ին տոնելով Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը՝ արդյոք նախագահ Էրդողանը փորձո՞ւմ է աշխարհի առաջնորդների ուշադրությունը շեղել ճիշտ նույն օրը կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից՝ այդպիսով նսեմացնելով դրանց նշանակությունը»,- հարցրեցինք Օզդեմիրին:

«Իմ կարծիքով՝ ոչինչ չի ստացվի, որովհետև մարդիկ քաջատեղյակ են՝ առաջին անգամն է, որ Գալիպոլիի մարտերի հիշատակվելու են ապրիլի 24-ին, ինչը նախկինում երբեք չի եղել: Այդ գաղափարը կարող է ճիշտ հակառակ արդյունքն ունենալ, որովհետև բազմաթիվ մարդիկ, ովքեր գիտեն պատմությունը, գիտեն նաև, որ Օսմանյան կայսրության կողմից կռվել են նաև հայեր, օրինակ Սարգիս Թորոսյանը: Նա Օսմանյան կայսրության հերոս էր, բայց այդ նույն ժամանակ, երբ նա լսում է, որ երկիրը, որի համար նա պատրաստ էր իր կյանքը զոհել, սպանել է իր ընտանիքին.. այդ ամենից հետո նա միանում է բրիտանացիներին: Սա այն է, ինչը, կարծում եմ, թուրք երեխաները պետք է կարդան իրենց դասագրքերում: Պատմության իմացությունը օգնում է, որ նման դեպքերը չկրկնվեն: Տեսեք՝ ես հայտնվեցի Գերմանիայում որպես միգրատների զավակ: Իմ ծնողները աշխատում էին Գերմանիայում, բայց այսօր ես գերմանական քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ: Եվ կցանկանայի, որ ազգությամբ հայը մի օր դառնար Թուրքիայի դեսպան»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG