Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Հ.Տոնոյանին, Հ.Գևորգյանին, Դ.Հակոբյանին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ վերոնշյալ անձինք ավելի վաղ ձերբակալվել էին՝ մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ»։
«Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Մարտի 7-ի գործով մեղադրանք է առաջադրվել Գրիգորյան եղբայրներին. Աշոտ Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գառնիկ Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել՝ հետախուզում։
Հիշեցնենք՝ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 6 անձ։ Մարտի 8-ին Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվեց քրեական գործ` երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով։