«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) հետ տեղի ունեցածը ԲՀԿ-ի և այդ կուսակցության ղեկավարի դեմ սկսված ճնշումներն էին, ասում է «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Ըստ Ազատամարտիկների դաշինքի ներկայացուցչի՝ վերջին իրադարձությունները ցավալի էին, բայց, միևնույն ժամանակ, իրենք չեն համարում, որ ամեն ինչ ավարտված է: Եթե որևէ քաղաքական ուժ չի դիմանում ճնշումներին, դա դեռ չի նշանակում, որ իշխանափոխության հարցը հօդս է ցնդում քաղաքական օրակարգից, ընդգծում է Ռազմիկ Պետրոսյանը:
«Մենք մեր գործառույթներին տեր ենք, մենք կանգնած ենք մեր պահանջատիրության, մեր ժողովրդի էսօրվա էս վիճակից հանելու: Այո, հենց իշխանափոխությունը մնում է օրակարգում, մնալու է էնքան ժամանակ, քանի մեր երկրում աղաղակող էս երևույթները կան», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկը:
Ազատամարտիկների դաշինքը կանգնած էր այժմ արդեն գոյություն չունեցող եռյակի կողքին, որովհետև ժողովուրդն էր հույսը կապում քաղաքական այդ միության հետ, և նաև այն պատճառով, որ քաղաքական գործընթացներում Ազատամարտիկների դաշինքը չի կարող նախաձեռնողը լինել: «Վստահի էն քաղաքական ուժերին, ովքեր կգան իրենց ծրագրերով ու կունենան ժողովրդի վստահությունը: Իհարկե, մենք պիտի աջակցենք», - ասաց Պետրոսյանը:
Ազատամարտիկների դաշինքը որևէ քաղաքական ուժի կամ լիդերի դրոշակակիրը չէ, բացատրում է Ռազմիկ Պետրոսյանն ու բացում փակագծերը․ խոսակցություններ կային, իբր «Բարգավաճ Հայաստան»-ն է ստեղծել այդ դաշինքը, իսկ վերջին իրադարձություններից հետո մարդիկ համոզվեցին, որ դա այդպես չէ, ասում է նա: Ապագայում էլ սատարելու են այն քաղաքական ուժին կամ ուժերին, որոնք կշահեն ժողովրդի, այդ թվում՝ ազատամարտիկների վստահությունը, դաշինքի անունից վստահեցնում է Պետրոսյանը: Իսկ այդ ապագան, ըստ նրա, սարերի ետևում չէ՝ ընդդիմությունը թեև վերջերս լուրջ հարվածի ենթարկվեց, բայց շուտով ոտքի կկանգնի:
«Բայց վստահ եմ, որ դրանով չավարտվեց: Իհարկե, կան քաղաքական կառույցներ, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն»-ը կամ մնացած շատ քաղաքական ուժեր, ա՛յ հիմա նոր ձևավորվող, նաև նորից երևի կձևավորվի՝ «Բարգավաճ Հայաստան»-ը հո չավարտվե՞ց, մանավանդ երբ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն արդեն հստակ է՝ եթե Գագիկ Ծառուկյանը միշտ ասում էր՝ այլընտրանք, իշխանություններին այլընտրանք, Նաիրա Զոհրաբյանը բառացի հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր են», - նշեց ազատամարտիկը:
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանությունում բողոք են ստացել Ռազմիկ Պետրոսյանի դեմ, ինչից հետո Պետրոսյանի դաշնակից ազատամարտիկները չբացառեցին, որ գուցե փորձ է արվում ճնշել Պետրոսյանին քաղաքական հայացքների համար: Մեկ ուրիշի գազալցակայանին տիրանալու կասկածները, սակայն, հերքվեցին նախաքննությունից հետո, քրեական գործ չհարուցվեց հանցակազմի բացակայության պատճառով: Այժմ Պետրոսյանին մեղադրող Ռաֆայել Մխիթարյանը դիմել է դատարան՝ բողոքելով քննիչների աշխատանքի դեմ:
«Իսկ բողոքող կողմը էդ պահին, որ ես գնել եմ էդ գազալցակայանը, բացարձակապես սեփականություն չի էլ ունեցել, էնպես որ ես իրենից զավթելու կամ խլելու, մանավանդ՝ ահաբեկելու միջոցով, չի կարող լինել, որովհետև բացարձակ իր կողմից ներկայացրած վկաներն էլհայտարարել են, որ նման բան չի եղել», - ասաց Ռազմիկ Պետրոսյանը: