Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սիքյութայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԱՄՆ-ի Հեռարձակողների կառավարիչների խորհրդի Միջազգային հեռարձակման բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջեֆրի Թրիմբլը և «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսական հարցերով փոխնախագահ Ջոն Ջիամբալվոն:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Բաքվում փակվեց «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը այն բանից հետո, երբ Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները գրասենյակում խուզարկություն իրականացրին ռադիոկայանի` որպես արտերկրից ֆինանսավորվող կառույցի գործունեության հետաքննության շրջանակում: Մինչ այդ կալանավորվել էր ռադիոկայանի ադրբեջանական ծառայության առաջատար լրագրող Խադիջա Իսմայիլովան: