Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։
ԼՂ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել ԼՂ և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման շուրջ։ Երկուստեք կարևորվել է Ղարաբաղ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և ԼՂ դիրքորոշումը «անաչառ և համակողմանի կերպով եվրոպական կառույցներում ներկայացնելու անհրաժեշտությունը»: