Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ․ Խախտումներ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունում


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերությանը նախազգուշացրել է և պահանջել զերծ մնալ չարաշահումներից:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում կատարված ուսումնասիրությունները:

Ինչպես նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում, ընկերությունը երկաթուղային փոխադրումների ոլորտում ունի մենաշնորհային դիրք, և ուսումնասիրության նպատակը մենաշնորհային դիրքի չարաշահման փաստերը բացահայտելն է: Ընկերությունը վերջին երեք տարիներին բարձրացրել է միջպետական և ներպետական բեռնափոխադրումների գները, ինչի հետ կապված՝ ՏՄՊՊՀ-ի մասնագետները համապատասխան գնագոյացման հաշվարկներ են իրականացրել:

Սկսած 2011 թվականից «Հարավկովկասյան երկաթուղին» պարբերաբար բարձրացնում է բեռնափոխադրման գները: Ընդհանուր առմամբ՝ ներպետական բեռնափոխադրումների գները 2011-2014 թվականներին ավելացել են 5-17 տոկոսով, իսկ միջպետականի դեպքում՝ մինչև 17 տոկոսով:

Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ընկերության կողմից կատարված գնային բարձրացումները ոչ միշտ են համահունչ ծախսերին: Այսպես. 2012 թվականին նախորդ տարվա համեմատ ընկերության ծախսերը 1 տոննա/կմ-ի հաշվով ավելացել են 5․4 տոկոսով, գինը՝ 4․8 տոկոսով, 2013-ին ծախսերը ավելացել են 2․5, իսկ բեռնափոխադրման գինը՝ 4․3 տոկոսով: Այսինքն՝ եթե 2012-ին բեռնափոխադրման գները 0․6 տոկոսով քիչ են բարձրացվել, ապա փոխարենը 2013-ին 1․8 տոկոսով ավելի թանկ գին է սահմանվել:

ՏՄՊՊՀ-ի լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 2010 թվականից ի վեր «Հարավկովկասյան երկաթուղին» չի համաձայնեցրել և չի հրապարակել ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը օրենքով սահմանված կարգով պարտավոր էր անել: Ընդ որում, այդ տեղեկատվությունը ներառում է բազմաթիվ կարևորագույն տվյալներ, այդ թվում նաև ռազմավարական նշանակության ապրանքների՝ ցորենի, նավթամթերքի, երկաթուղային բեռնափոխադրումների առավելագույն սակագները, որոնք այս պարագայում չեն համաձայնեցվել: Բացի այդ, որոշ դեպքերում ՀԿԵ-ի ներկայացուցիչները առանց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան լիազորագրերի մասնակցել են ԱՊՀ-ի երկրների միջև կնքվող երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունների սահմանման համաժողովներին:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀԿԵ-ի հասույթի հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը ձևավորվում է ընդամենը երեք ապրանքների բեռնափոխադրումներից՝ հացահատիկ, նավթամթերք և հանքանյութ: Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ ընկերության կուտակած վնասը կազմում է 9․3 միլիարդ դրամ, որն էլ, ըստ հանձնաժողովին ընկերության ներկայացրած պարզաբանումների, եղել է գնային բարձրացումների հիմնական պատճառը: Հանձնաժողովը ստուգել է նաև կուտակված վնասի առաջացման պատճառներն ու հիմնավորվածությունը և պարզել, որ նման ծավալի վնասը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից մինչ օրս կատարված շուրջ 91 մլրդ դրամի ներդրումների հետևանք է: Ստացվում է, որ ներդրումների աճին զուգահեռ ավելանում է նաև ընկերության վնասի չափը, ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները ընկերության կողմից կատարված ներդրումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Բացի այդ, կուսումնասիրվի նաև գնումների կազմակերպման գործընթացը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» ազատ է իր գնումների քաղաքականությունը որոշելու հարցում և ինքնուրույն է տնօրինում, թե երբ, ումից և ինչ գնով ձեռքբերում իրականացնի:

Հաշվի առնելով ընկերությունում ձևավորված խոշոր վնասի առկայության փաստը՝ հանձնաժողովը որոշել է տալ նախազգուշացում և պահանջել, որպեսզի այսուհետ «Հարավկովկասյան երկաթուղին» հետևի մրցակցային օրենսդրության պահանջներին և զերծ մնա չարաշահումներից:

Քանի որ բացահայտումների հիմնական մասը գտնվում է ոլորտը կարգավորող մարմնի` Տրանսպորտի և կապի նախարարության դաշտում, ուստի հանձնաժողովի որոշմամբ ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի նախարարություն:

Բացի այդ, ոլորտի կարգավորման, ինչպես նաև ընկերության գործունեության կանոնակարգման նպատակով հանձնաժողովը ձևավորել է ստեղծված իրավիճակի շտկման առաջարկություններ, որոնք ևս կտրամադրի շահագրգիռ կողմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG