Մատչելիության հղումներ

Հինգ ուժերը դեռ իշխանափոխության ուղիների շուրջ համաձայնության չեն հասել


Հինգ ուժերը դեռ իշխանափոխության ուղիների շուրջ համաձայնության չեն հասել
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Պարույր Հայրիկյանի հրավերով արդեն մեկ ամիս քաղաքական հանդիպումներ անցկացնող 5 ուժերը համաձայնության են եկել՝ իշխանափոխություն պետք է, սակայն չեն համաձայնել՝ ինչպես դրան հասնել: Կարևոր է, որ միասնական հայտարարի գանք, ասում է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահը։

«Ընդհանրապես ճանապարհները շատ չեն՝ զանգվածային դրսևորումներ և իշխանության հրաժարականի պահանջ, նոր ընտրությունների կազմակերպում։ Եթե ինչ-որ մեկը հեղափոխություն կանի, դա իր գործն է։ Բայց այդպիսի տրամադրություններ չեն արտահայտվել։ Խոսքը գնում է քաղաքացիական կամքի պարտադրումը իշխանություններին»,- «Ազատությանը» փոխանցեց Հայրիկյանը։

Հայրիկյանի խոսքով՝ մինչև այժմ քաղաքացիական կամքի պարտադրման միջոցով իշխանափոխության հասնելու փորձերը ձախողվել են, քանի որ քաղաքական ուժերը հետևողական չեն եղել:

«Ինչ-որ պահի վախեցել են, ինչ-որ պահի նկատառումներ են ունեցել։ Ժողովրդի կամքին ապավինելով՝ երկրում օրինական իշխանություն հաստատելու նպատակը չի կարող հաջողության չհասնել։ Չի հասնում միայն այն դեպքում, երբ կամ քաղաքացիները պատրաստակամ չեն, կամ էլ սկսում են խաղեր տալ։»,- ասաց ԱԻՄ նախագահը։

Հայրիկյանի նախաձեռնած քննարկումներին մասնակցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը հակված է հապշտապ որոշումների չգնալ։ Հաշվի առնելով դեռ 90-ականներից փոփոխությունների հասնելու հաջողված ու չհաջողված փորձերը՝ ասում է, որ պետք է նոր ուժեր ներգրավել ընդդիմադիր դաշինքում։

«Որևէ ուժ, որն ազնվորեն գնահատում է իրավիճակը, որ այլևս այսպես շարունակել հնարավոր չէ և պետք գնալ փոփոխության, նրանց ռեսուրսները պետք է օգտագործել։ Այս ռեժիմը միգուցե շատ ավելի կազմակերպված է դարձել, շատ ավելի ագրեսիվ է, շատ ավելի ցինիկ է, բայց, այնուամենայնիվ, Սահմանադրությունը այդ հնարավորությունը մեզ տալիս է՝ անհնազանդություն։ Ինչո՞ւ չենք օգտվում»,- ասաց Մակեյանը։

Քաղաքական քննարկումներին մասնակցում են նաև «Ժառանգություն», «Հայոց համազգային շարժում» և Պահպանողական կուսակցությունները։ Սահմանադրական փոփոխությունների հարցը այս քաղաքական քննարկումների օրակարգում չկա։

«Սահմանադրական բարեփոխումները այն դեպքում ասպարեզ գալիս, երբ կա սահմանադրական ճգնաժամ, դա մտածված չէ, դա ընդամենը նախասիրություն է, քմահաճույք է»,- ասաց Հայրիկյանը։

Մեկ ամիս առաջ քաղաքական քննարկումների հրավեր ստացած 8 քաղաքական ուժերից այսօր 5-ն են շարունակում համագործակցությունը։ Մի քանի հանդիպումներից հետո «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարեց, որ Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումների ընթացքը չի համընկնում իրենց ծրագրին։ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը չի մասնակցել հանդիպումներին՝ նշելով, որ զբաղված են կազմակերպական այլ հարցերով։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մերժել է Հայրիկյանի առաջարկած ձևաչափը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը հրավեր չեն ստացել։

«Ես դիմել եմ միայն այն ուժերին և նամակում շեշտել եմ, որոնք հստակ արտահայտվել են պուտինյան քաղաքականության դեմ։ Ռուսական կայսրությունը մեր հաշվին վերականգնելու կեցվածքի դեմ Հայաստանում հանդես եկած քաղաքական ուժեր կան, նրանց եմ ես դիմել»,- ասաց ԱԻՄ ղեկավարը.- «Ես հասկանում եմ, որ նույնիսկ 3 ուժերի նպատակաուղղված և լավ կազմակերպված համախմբումը արդյունք կտա»։

XS
SM
MD
LG