Ռուսաստանը մեր առևտրային հիմնական գործընկերն է, հիմնական ներդրողը, սակայն դրանով հանդերձ մենք զարգացնում ենք ակտիվ տնտեսական հարաբերություններ ԵՄ անդամ երկրների, այլ տարածաշրջանների և երկրների հետ, սլովենական «Delo» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, թերթի դիտարկմանը, թե Արևմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները Հայաստանին և Ռուսաստանի միջև գժտության պատճառ կդառնան և հարցին, թե արդյո՞ք Հայաստանում փոխվել է վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ, Նալբանդյանը պատասխանել է. - «Ես չգիտեմ` ով է այդպիսի հույսեր փայփայում: Դրանք անլուրջ հույսեր են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, և հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջև հարաբերությունները»:
Հարցին, թե ի՞նչ է տալիս Հայաստանին ԵՏՄ անդամակցությունը, Նալբանդյանը պատասխանել է, որ դա Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված ձևով մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ինչպես նաև ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև էներգետիկ՝ մասնավորապես գազի ոլորտում Ադրբեջան-ԵՄ համագործակցությանը։
Հարցին՝ արդյո՞ք ԵՄ չափից ավելի մեղմ է վերաբերում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, քանի որ ԵՄ ունի համագործակցության տնտեսական ծրագրեր Ադրբեջանի հետ, նույնը վերաբերում է և Միացյալ Նահանգներին, Նալբանդյանը պատասխանել է, թե Ադրբեջանն ունի «սին պատրանքներ՝ իբր կարող է օգտագործել իր էներգետիկ հնարավորությունները` ընկերներ գնելու, ովքեր աչք կփակեն այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վրա»։
«Սակայն ի՞նչ է իրականում տեղի ունենում: Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ եվրոպական և ոչ միայն, քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող վիճակը: Համաշխարհային ԶԼՄ-ները բնութագրում են Ադրբեջանին` որպես բռնապետական երկիր, նշում են այդ երկրում առկա լուրջ իրավախախտումների մասին: Դրանով հանդերձ ոչ ոք չի հերքում, որ Ադրբեջանն ունի մեծ էներգետիկ ռեսուրսներ: Այսինքն՝ այն պատրանքը, թե հնարավոր է օգտագործել էներգետիկ ռեսուրսները ևս ինչ-որ բանի համար, շրջվել է հենց Ադրբեջանի դեմ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Դիտարկմանը, թե այդուհանդերձ ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են Բաքու և ունեն լավ հարաբերություններ Իլհամ Ալիևի հետ, Նալբանդյանն ասյպես է արձագանքել. - «Գիտեք, եղել են ժամանակներ, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Լիբիա, հանդիպել են Քադաֆիի հետ, այցելել են Իրաք, հանդիպել Սադդամ Հուսեյնի հետ: Մենք գիտենք, թե ինչպես այդ ամենն ավարտվեց»: