Մատչելիության հղումներ

Ակտիվիստների նկատմամբ բռնությունների գործերով դեռ բացահայտումներ չկան


Ակտիվիստների նկատմամբ բռնությունների գործերով դեռ բացահայտումներ չկան
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00

«Բարգավաճ Հայաստան»-ի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ մեկ ամիս առաջ տեղի ունեցած բռնության գործով բացահայտումներ դեռևս չկան։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով, շարունակվում են ակտիվ որոնողական աշխատանքները հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեռևս ապաքինվող Արտակ Խաչատրյանն ասում է, որ այս մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ իրեն հարցաքննել են, մեկ անգամ կանչել են՝ մասնակցելու տեղազննությանը։ Գործով կասկածյալներ, սակայն, առայժմ չկան։

«Դրանից ավել տեղեկություն չունեմ։ Ճիշտն ասած, տպավորությունն էնպիսին ա, որ այդ ամեն ինչը մնացել ա անցյալում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Առևանգումից ու մի քանի ժամ շարունակված ծեծից հետո ԲՀԿ առաջնորդներն ու Խաչատրյանի հարազատները հանցագործության համար պատասխանատու համարեցին գործող իշխանություններին և հայտարարեցին, որ կան ակնհայտ փաստեր ու ապացույցներ, որոնց հիման վրա կարելի է պարզել մեղավորներին։ Այսօր էլ Արտակ Խաչատրյանը նշում է բավարար փաստերի մասին։

«Կարծում եմ, որ եղած նյութերը պետք է, որ բավարար լինեին հանցագործությունը բացահայտելու համար։ Բայց էս պահին ես տեսնում եմ, որ ինչ-որ դրական տեղաշարժ չկա։ Չգիտեմ, միգուցե ես տեղյակ չեմ, բայց համենայնդեպս իմ մոտ էդ տպավորությունն է և էդ վիճակը», - նշեց Խաչատրյանը:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, որևէ առաջընթաց չկա նաև ընդդիմադիրների նկատմամբ վերջին ամիսներին տեղի ունեցած մյուս բռնությունների գործով: Անցած 4 ամսվա ընթացքում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության 7 դեպք է տեղի ունեցել, որևէ մեկը չի բացահայտվել։ Մի քանիսի դեպքում կրկնակի փորձաքննություններ են նշանակված, դեռևս արդյունքներ չկան։

Անցած տարեվերջին ծեծի ենթարկված ակտիվիստներ Վիլեն Գաբրիելյանի և Նարեկ Մարտիրոսյանի մասով գործերը կասեցվել են՝ հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու հիմքով, շարունակվում են օպերատիվ որոնողական աշխատանքները, «Ազատության»-ն ասաց Սոնա Տռուզյանը։

Խանջյան-Թումանյան խաչմերուկում հարձակման ենթարկված Գևորգ Սաֆարյանի գործով էլ դեպքից 4 ամիս անց՝ այսօր, Քննչական կոմիտեն դեռ փողոցի տեսախցիկների տեսաձայնագրային փորձաքննության եզրակացություն չունի։ Գևորգ Սաֆարյանը համոզված է, որ այս գործերում այդպես էլ որևէ առաջընթաց չի լինի։

«Ես ի սկզբանե համոզված էի, որ այս ռեժիմի օրոք չի էլ բացահայտվի», - «Ազատության»-ը փոխանցեց Սաֆարյանը։

Հանցագործության բացահայտման ուղղությամբ մարել են նաև ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի հույսերը․ - «Եթե կան էլ հույսեր, ապա շատ քիչ են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG