Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի վարչապետ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Քուվեյթի էմիրը նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կծառայեն երկու երկրների և ժողովուրդների շահերին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թվականներին համագործակցության գործնական ծրագրեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Քուվեյթի հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու համար և Քուվեյթի էմիրին փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:
Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմն էլ իր հերթին բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի գործունեությունը տարբեր ոլորտներում և տեղի հայկական սփյուռքի դերը՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացմանը նպաստելու գործում: