Մատչելիության հղումներ

Տաքսու անհատ վարորդները նամակ են հղել նախագահին


Տաքսու անհատ վարորդները նամակ են հղել նախագահին
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Տաքսու անհատ վարորդների մի խումբ այսօր 15 կետանոց նամակ է ներկայացրել նախագահ Սերժ Սարգյանին՝ երկրի ղեկավարից պահանջելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին։

Տվեք մեզ կայանատեղի, ապահովեք մեր մեքենաները հաշվիչով և այլ պարտադիր պարագաներով, ստեղծեք աշխատանքային նորմալ պայմաններ և հետո միայն պարտադրենք մեզ մտնել օրինական դաշտ և վճարել հաստատագրված գումարը, ասում են նրանք։

Թվարկելով տաքսիստների առաջադրած 15 պահանջները՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ու տաքսու վարորդն Արման Գալստանն վստահեցնում էին, որ դրանց կատարման դեպքում կհասկանան, թե ինչու են պետությանը վճարում այդ գումարը:

«Այդ բոլոր պայմանները մեզ կտրամադրի Տրանսպորտի նախարարությունը, կներկայանանք, պայմանագիր կկնքենք, որ մենք ցանկություն ունենք տաքսի վարելու, որպեսզի մեր ծախսերը թեթևացնենք, ունենանք այդ հաշվիչը։ Հետագայում էլ, եթե էլ չուզենամ էլ տաքսի վարել, էդ ամեն ինչը հետ կտամ»,- ասաց Հովհաննիսյանը։

«Մենք էլ աշխատում ենք, ուզում ենք, որ էս պետության մասնիկը լինելով՝ հարկ վճարենք, բայց չվճարենք հենց այնպես»,- հավելեց Արման Գալստյանը։

Կառավարության սահմանած վճարները, ըստ բողոքող վարորդների, հիմնավորված չեն։ Մասնավորապես, ինչո՞ւ հենց 2500 դրամով պետք է հաշվիչ կապարակնքել, գովազդի համար 25 հազար դրամ վճարել կամ հենց 55 հազարանոց դրամանոց հաշվիչ գնել, ասում են նրանք։ Հատկապես, չկա որևէ երաշխիք, որ պետական այրերը կարճ ժամանակ անց չեն որոշի մեկ սարքը փոխարինել ուրիշով՝ ավելի նորով: Որպես նախադեպ՝ վարորդները հիշեցնում են պարտադիր դեղին համարանիշները, որոնք այսօր այլևս չեն կիրառվում:

«Մենք ապահովագրված չենք, որ էդ 55 հազարանոց հաշվիչները դնելուց հետո մի տարի անց ուրիշ մի բիզնեսմեն չի հայտնվի և կառավարությունը մեզ չի պարտադրի ձեռք բերել դա»,- ասաց Հովհաննիսյանը։

Վարորդների պնդմամբ՝ նոր օրենքը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում մարզերի և Երևանի վարորդների համար: Մայրաքաղաքում գրանցված տաքսիների համար սահմանված է 12 հազար դրամ վճարաչափ, մարզերում այդ գումարը կազմում է 8000 դրամ: Երևանցի տաքսու վարորդ Արսեն Պետրոսյանն առաջարկում է՝ այդ դեպքում թող վերահսկեն, որ մարզերի վարորդները մայրաքաղաքում տաքսի չվարեն:

«Գալիս են, Երևան քաղաքում հավասար պայմաններում աշխատում են։ Պետք է էդ անհավասարությունը վերացնեն»,- ասում է Պետրոսյանը։

Երևանյան փողոցներով հարցում կատարելիս պարզեցինք, որանհատ տաքսիստներից շատերը հրաժարվում են հետևել նոր օրենքի պահանջներին՝ պնդելով, որ օրվա հաց վաստակելու փոխարեն չեն պատրաստվում գումար հավաքել հաշվիչի և մնացած այլ պարագաների համար: Իսկ նրանք, ովքեր պատրաստվում են վճարել, ասում էին, որ համաձայն չեն կառավարության հետ, ընդամենը փորձում են խուսափել տուգանքներից:

«Բա ի՞նչ անենք, ուրի՞շ ճար ունենք», - ասում էր վարորդներից մեկը։

Նոր օրենքին ընդդիմացող վարորդները պատրաստվում են հերթական բողոքի ակցիան՝ ավտոերթը անցկացնել Երևանում։

XS
SM
MD
LG