Մատչելիության հղումներ

Էրդողանի «աջ ձեռքը» կրկին գլխավորեց Թուրքիայի հետախուզական ծառայությունը


Հաքան Ֆիդանը (առաջին պլանում) թուրք պաշտոնյաների բանակցությունների ժամանակ, արխիվ

Հաքան Ֆիդանը մեկ ամիս առաջ էր հրաժարական տվել՝ հայտարարելով, թե ցանկանում է քաղաքական գործունեությամբ զբաղվել:

Թուրքիայի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) ուղիղ մեկ ամիս տևած ընդմիջումից հետո կրկին կղեկավարի Հաքան Ֆիդանը:

Նախագահ Ռեջեփ Էրդողանի աջ ձեռքը համարվող Ֆիդանը MIT-ի տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացրեց ուղիղ մեկ ամիս առաջ` փետրվարի 10-ին: Այն ժամանակ նա հայտարարեց, թե ցանկանում է քաղաքական գործունեությամբ զբաղվել և պատրաստվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակով մասնակցել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Երկուշաբթի երեկոյան, սակայն, պարզ դարձավ` Ֆիդանի գործունեությունը քաղաքական դաշտում ավարտվեց դեռ չմեկնարկած:

«Պարոն վարչապետն այսօր Հաքան Ֆիդանին վերանշանակել է նախկին պաշտոնում: Մոտ ապագայում պարոն Ֆիդանը ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը», - Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Բյուլենթ Առինջը:

Թուրքական մամուլի գնահատմամբ՝ Հաքան Ֆիդանը այդպես էլ չկարողացավ դիմակայել նախագահ Էրդողանի մեկ ամիս տևած հոգեբանական ճնշմանը: Hurriyet-ի տեղեկություններով, անցած շաբաթ Ազգային հետախուզական ծառայության նախկին տնօրենն ու Թուրքիայի նախագահը հանդիպել էին Ֆիդանին` Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում: Այդ հանդիպման ընթացքում Էրդողանը կրկին նշել էր, թե չի ցանկանում, որ իր ամենահավատարիմ զինակիցներից մեկը լքի ամենազոր ուժային կառույցի ղեկավարի պաշտոնը:

Էրդողանի նման հաստատակամությունը պատահական չէ: Ֆիդանի ղեկավարած հետախուզական ծառայությունը վերջին տարիներին ամեն կերպ աջակցում էր Էրդողանին` թե՛ Սիրիայի խնդրում, թե՛ քրդերի հետ գաղտնի բանակցություններ վարելու հարցում և թե՛ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի կողմնակիցներին ոստիկանությունից հեռացնելու գործում:

Բնական է, որ Հաքան Ֆիդանի վերանշանակման մասին լուրը թուրքական ընդդիմությունը դժկամությամբ դիմավորեց: Նման դժգոհության հիմնական պատճառներից մեկն այն է, որ հրաժարականին հաջորդած մեկ ամսում Ֆիդանը հասցրել էր անդամակցել իշխող կուսակցությանը:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն երեքշաբթի օրը խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստի ժամանակ հայտարարում էր․ - «Չի կարելի պետական կարևորագույն գործառույթներ իրականացնող ծառայությունը վերածել իշխող կուսակցության անձնական տարածքի»:

Նրա կուսակիցներից Լևենթ Գյոքը ավելի կտրուկ էր: Նա հարցը բարձրացրեց թուրքական խորհրդարանի երեկ կայացած լիագումար նիստի ընթացքում: «Ֆիդանի հրաժարականը և դրան հետևած վերանշանակումն ուղղակի անընդունելի են: Սա պարզապես խայտառակություն է», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը:

Էրդողանի կողմնակիցները, սակայն, պնդում են, որ նման գնահատականները տեղին չեն:

«Մենք կարող ենք քննարկել Հաքան Ֆիդանի վերանշանակման իրավական նրբությունները, բայց տեղի ունեցածը չի կարելի որպես խայտառակություն որակել», - նշում էր «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG