Մատչելիության հղումներ

«Դվին» հյուրանոցը քանդվում է առանց հաստատված նախագծի


«Դվին» հյուրանոցը քանդվում է առանց հաստատված նախագծի
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00

Հյուրանոցի ճարտարապետի համոզմամբ, այն, ինչ կատարվում է, ինքնախաբեություն է:

Մոտ 40 տարի առաջ կառուցված «Դվին» հյուրանոցը, որը բավական երկար ժամանակ է, ինչ չի գործում, և չի էլ վերանորոգվում, մի խումբ ճարտարապետների համոզմամբ, այսօր անողոքաբար ոչնչացվում է: Խորհրդային տարիներին պետական մրցանակի արժանացած այս հյուրանոցի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը անթույլատրելի է համարում պետության անտարբերությունը հին շինությունների նկատմամբ: Ալեքսանյանն ասաց, թե չհասկանալով՝ինչ են կառուցում, քանդում են հինը, պատմությունը:

«Ինչ որ կատարվում է, ինքնախաբեություն է՝ և պատվիրատուի, և քաղաքապետարանի, և բոլոր ատյանների կողմից: Չունենք հաստատված նախագիծ և թույլ ենք տվել քանդման աշխատանքներ․ դա հանցագործություն է», - ասաց հյուրանոցի ճարտարապետը:

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած քաղաքաշինական խորհրդի վերջին նիստի ժամանակ «Դվին» հյուրանոցի նախագիծը բուռն քննարկման է արժանացել: Խորհրդի անդամ է նաև Աշոտ Ալեքսանյանը, ով «Ազատության»-ը փոխանցեց, որ խորհուրդը բացասական եզրակացություն է տվել կանադացի ճարտարապետների հեղինակած նոր նախագծին:

«Էն նախագիծը, որը ես տեսել եմ, դա մակարդակ չունի: Ես չեմ ուզում վիրավորեմ էդ նախագծողներին, նրանք չեն տեսել Հայաստանը, չգիտեն՝ ինչ բան է Հայաստանը», - ասաց Աշոտ Ալեքսանյանը:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ևս ընդունում է, որ օտարերկրացի ճարտարապետները գուցե հայկական մենթալիտետը հաշվի չեն առել: Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ ներկայումս բանակցում են կառուցապատողի և «Դվին»-ի հեղինակ Աշոտ Ալեքսանյանի հետ: Կքննարկեն նոր առաջարկներ ևս՝ շենքի քանդմանը զուգընթաց:

«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք պետք է ստանանք նյութեր, որոնք պարոն Ալեքսանյանի հետ քննարկենք և գտնենք էն ընդհանուրը, որ մեզ համար ընդունելի է: Քանդման աշխատանքները չեն խանգարի, որովհետև մենք ստորգետնյա ուրբանիզացման խնդիր ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:

Ալեքսանյանը չի կարող հրաժարվել «Դվին»-ի հարցում պատվիրատուին օգնելու առաջարկից: Հույս ունի, որ իր խորհուրդները ի վերջո տեղ կհասնեն:

«Դվին»-ի շենքից բացի, այսօր նաև ապականվում է Տիգրան Արզումանյանի «Լեռնեցիների պար»-ը, ինչպես նաև Արա Շիրազի քանդակը, որոնք, ճարտարապետի խոսքով, հին հյուրանոցի հետ միասին ճարտարապետական միջավայր էին ձևավորում․ - «Ես ստիպված եմ համաձայնվում, որովհետև նախ՝ իմ երեխան է, իմ ստեղծագործությունն է, ես եմ իրեն մեծացրել, հետո՝ հրաժարվել, լքել բախտի քմահաճույքին ևս անիմաստ է իմ կողմից: Փորձեմ բացատրել այն խնդիրները, որոնք իրեն անհասանելի են»:

13 տարի առաջ 3 միլիոն դոլարով «Դվին» հյուրանոցը գնած «Կովկասյան հաղորդակցական խումբ» ընկերությունը, համաձայն կառավարության հետ կնքած պայմանագրի, պարտավորվել է մինչև 2016 թվականը ավարտել շինարարությունը։ Մինչդեռ, այսօր «Ազատության» տեսախցիկը արձանագրեց, որ շինհրապարակում կախված ցուցանակի վրա, որպես աշխատանքի վերջնաժամկետ, նշված է 2017 թվականը:

Պետական գույքի կառավարման վարչությունից «Ազատության»-ը հավաստիացրին, որ շինարարության ավարտի նոր ժամկետ չի ֆիքսվել: Այստեղից ևս հաստատեցին, որ ցուցանակի վրա նշված ամսաթիվը պայմանագրի հետ կապ չունի և խոստացան այս մասով պարզաբանումներ պահանջել շինարարական ընկերությունից:

«Դվին» հյուրանոցի գնորդը նաև պարտավորվել է ամեն տարի ներդրումներ անել: 2014 թվականի մոտ 4 միլիոն դոլարի ներդրումների կատարման վերաբերյալ Պետգույքի կառավարման վարչությունը հստակ տվյալներ չի հաղորդում:

Նշենք, որ մինչև հունվարի 15-ը ներդրումները չկատարելու դեպքումհյուրանոցի սեփականատերը պետք է տույժ ու տուգանքներ վճարեր: Պետական գույքի կառավարման վարչությունից միայն հայտնում են, որփաստաթղթերը ուսումնասիրման փուլում են և եթե պարզվի, որ պարտավորությունները պատշաճ չեն կատարվել, սեփականատերը կտուգանվի:

Գլխավոր ճարտարապետից փորձեցինք պարզել՝թե արդյոք նկատելի են միլիոնների ներդրումները: Բարսեղյանը դժվարացավ գնահատականներ տալ․ - «Դա իմ գործը չի, կարծեմ թե, ուղղակի մասնագիտորեն չեմ տիրապետում»:

Մինչդեռ հին շենքի հեղինակ ճարտարապետ Ալեքսանյանը պնդում է՝ միլիոնների ներդրումների մասին խոսելն անգամ ավելորդ է․ - «Ներողություն 13 միլիոն դրամի ներդրում 2014 թվականին բացառված է: Նա ընդամենը մեկ միլիոնի չհասնող քանդման աշխատանքներ է կատարել ընդամենը»:

Ի դեպ, չհաստատված նախագիծը իրականություն դառնալու դեպքում, այն այլևս «Դվին» չի կոչվի, այլ «Դավիթ Բեկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG