Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին նախագահը հնարավոր է վերադառնա քաղաքականություն


Ռեջեփ Էրդողան, Աբդուլա Գյուլ
Ռեջեփ Էրդողան, Աբդուլա Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը հուզմունքի ալիք է առաջացրել իշխող կուսակցության հատկապես այն պաշտոնյաների շրջանակում, ովքեր իրենց օտարացված են զգում նոր ղեկավարության կողմից, իսկ նախկինում երկար տարիներ աշխատել են Գյուլի հետ նրա նախագահության տարիներին։

Գյուլը, ով Ռեջեփ Էրդողանի հետ 2001 թվականին հիմնադրել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, արդեն հայտարարել է, որ ինքը քաղաքականություն չի վերադառնա առանց հին գործընկերոջ համաձայնության։ Նախկին նախագահը չի ցանկանում քաղաքականություն վերադառնալ պայքարի և մրցակցության միջոցով։

Սակայն, ըստ «Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ի, եթե Գյուլը չմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա չի կարող բարձր պաշտոն զբաղեցնելու որևէ ծրագրեր ունենալ մինչև 2019 թվականը։

Պարբերականի վերլուծաբանը նշում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում ավելանում է բարձրաստիճան այն անդամների թիվ, ովքեր կողմ են Գյուլի վերադարձին։

Անցած շաբաթ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե բարենպաստ կլինի, եթե Գյուլը մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Ըստ «Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ի աղբյուրների, Էրդողանը և Գյուլը մոտ ապագայում հանդիպելու են այս հարցը քննարկելու համար։

Էրդողանին մոտ կանգնած անձերից մեկը ավելի ուշ ասել է, որ Գյուլի վերադարձի մասին Էրդողանի հայտարարությունը պատահականություն չէր և ոչ էլ հանպատրաստից է արվել։ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներքին կանոնակարգով կուսակցության անդամը չի կարող երեք անգամից ավելի պատգամավոր լինել։ Իշխող կուսակցության մի խումբ գործող պատգամավորներ իրավունք չեն ունենա մասնակցելու առաջիկա ընտրություններին։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանք հանդիպումներ են ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Ահմետ Դավութօղլուի հետ։ Հանդիպումների ընթացքում վետերան պատգամավորները գոհունակություն են հայտնել Գյուլի հնարավոր վերադարձի կապակցությամբ։

2014 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Աբդուլա Գյուլը մայրաքաղաք Անկարայից տեղափոխվել էր Ստամբուլ, քանի որ կուսակցությունում կամ պետական ապարատում որևէ դիրք զբաղեցնելու առաջարկ չէր ստացել։ Նախկին նախագահը կցանկանար մնալ քաղաքականության մեջ, բայց ոչ իր կուսակից Էրդողանի դեմ պայքարելու պայմանով։

Արդյոք Գյուլը կմասնակցի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. այս հարցին նրա մոտ շրջապատից անձը պատասխանել է.- «Ինչու ոչ, եթե պատճաշ ձևով հրավեր լինի։ Ես կարծում եմ՝ նա խորհրդարանում միայն ձեռք բարձրացնող կամ իջեցնող պատգամավոր չի լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG