Մատչելիության հղումներ

Հայաստանում կփորձեն կարգավորել անմոռուկի` բիզնես նպատակներով կիրառումը


Հայաստանում կփորձեն կարգավորել անմոռուկի` բիզնես նպատակներով կիրառումը
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Շենքերի պատերին, գովազդային վահանակներին, շապիկներին, տաքսիների վրա և անհավանական թվացող այլ վայրերում այսօր կարող ենք տեսնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ։

Խորհրդանշական այս ծաղիկը սրտաձև նախշով պատկերված է կանացի շապիկներին,իսկ ատամնաբուժարաներից մեկն անգամ որոշել է, որ ատամնաքարերի մաքրման զեղչերի լավագույն գովազդը կարելի է սկսել «Հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հայտարարում ենք 100 զեղչ» արտահայտությամբ:

Խորհրդանիշը Հայաստանում և արտերկրում պաշտպանված է հեղինակային իրավունքներով և դրա օգտագործման բացառիկ իրավունքը 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանն է։ Այդուհանդերձ, այստեղից խոստովանում են՝ անհնար է վերահսկել խորհրդանիշի շահարկումը: Այս գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Թարջումանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկվում են և մի քանի օրինախախտների գործողություններն արդեն իսկ դադարեցվել են:

«Կայքերում օնլայն վաճառք են իրականացնում, նույնիսկ եղել են դեպքեր, որ կայքերի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է, որովհետև որոշակի անհամաձայնությունների ենք բախվել, չեն ցանկացել օրինական կերպով աշխատել»,- ասաց Թարջումանյանը։

Երկու օր է արդեն 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունը անմոռուկի նշանով բիզնես ծավալելու հայտեր է ընդունում։ Հատուկ ստեղծված հանձնաժողովը կքննարկի նախագծերը, առաջարկները ևկորոշի, թե դրանցից որոնք են անմոռուկը նպատակային, որոնք էլ՝ անհարկի օգտագործում: Հանձնաժողովի կազմը դեռ չի հրապարակվում, հստակ չեն նաև չափորոշիչները, ընդամենը պնդում են՝ բնօրինակից լուրջ շեղումներ չեն ընդունվելու:

«Իմաստային առումով ոչ մի փոփոխություն չպետք է լինի և ոչ պատշաճ ապրանքների վրա չպետք է գործածվի»,- ասաց Թարջումանյանը։

«Բաց աշխարհում, երբ ամեն տեսակի կրիչի միջոցով հնարավոր է խորհրդանիշը արտատպել, վերահսկողությունը լուրջ խնդիր է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը:

Անմոռուկի շահարկումը մտահոգում է Գալստյանին։ Ըստ նրա, սա խոսում է այն մասին, որ կան մարդիկ, որոնք չեն ընկալում սեփական ժողովրդի պատմությունը։

«Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան խորհրդանիշի՝ ոչ կոռեկտ, անպատշաճ կիրառություններ են հանդիպում, որ զարմանում եմ։ Հանձնաժողովի մտքով երբեք չէր անցնի, որ շատերի համար այս խորհրդանիշը կդառնա բիզնես ոչ կոռեկտ գործածության առարկա»,- ասաց Գալստյանը։

Գալստյանի ղեկավարած ընկերությունը ևս օգտագործել է անմոռուկի խորհրդանիշը՝ չշեղվելով, սակայն, խորհրդից. օրացույց է տպագրվել՝ հայ և սփյուռքահայ գեղանկարիչների աշխատանքերով: Շահույթն էլ գրահրատարակչական գործին է ուղղվելու:

Ձեռքի աշխատանքներ անող Մարիամ Մուղդուսյանըմանկական արվեստի կենտրոնում երեխաներին նկարչական արվեստ է սովորեցնում, անմոռուկներ պատրաստելու մի քանի պատվեր է արդեն ստացել, բայց բոլորին մերժել է։

«Մենք կարող ենք ձեռքի աշխատանքներ պատրաստել և այլն, բայց գերադասեցինք այս խորհուրդը, նշանը չչարաշահել, մնալ միայն կերպարվեստի շրջանակներում։ Ամեն մարդ ինքը պետք է հասկանա՝ մինչև որտեղ կարող են դրանից բիզնես ստեղծել»,- ասաց Մուղդուսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG