Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Պետեր Պրիպուտենն իր փորձն ու մասնագիտական հմտություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ - սլովակյան կապերի ամրապնդման, նրա պաշտոնավարման ընթացքը կառանձնանա բարձրաստիճան փոխայցելությունների ու երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմամբ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել հատկապես տնտեսական, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում գործակցությունն ընդլայնելու, առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին՝ 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար և դեսպանին ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի անցկացվելիք միջոցառումներն ու դրանց խորհուրդը:
Պրիպուտենը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ հայ - սլովակյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու համար: