Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներում «Իսլամական պետություն» կազմակերպության աճող ակտիվություն է նկատել։
Փոխնախարար Անատոլի Անտոնովը այսօր ասել է, որ Մոսկվան «մեծապես անհանգստացած է ՀԱՊԿ-ի հարավային սահմաններում տիրող իրավիճակի պատճառով»։
Փոխնախարարը նշել է, որ ԻՊ-ի առաջին ջոկատներին նկատել են Ռուսաստանի դաշնակիցների հարավային սահմաններին, այդ թվում՝ Տաջիկստանում։ Հիշեցնենք, ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։
Անտոնովի փոխանցմամբ՝ այս իրադրության պատճառով Ռուսաստանը «ջանքեր է գործադրում» ուժեղացնելու Տաջիկստանում և Ղրղըզստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները։
Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական հանձնաժողովը անցած ամիս հայտարարել էր, որ ԻՊ-ի անդամները ներթափանցել են հարավային Ղրղըզստան և Ուզբեկստան։ «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը հունվարին հաղորդել էր, որ հարավային Օշ քաղաքում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով ձերբակալված վեց անձից չորսը, ըստ պաշտոնյաների, պատրաստություն են անցել Սիրիայում։