Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ նոր նախագահ


Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարում, արխիվ
Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարում, արխիվ

Կուսակցությունը հայտարարվեց ընդդիմություն:

«Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց այլևս ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու, կուսակցության նախագահի և խորհրդարանական խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու իր որոշման մասին:

«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի պաշտոնում Ծառուկյանը առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

«Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը», - դիմելով կուսակիցներին՝ ասեց Ծառուկյանը և շարունակեց․ - «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները»:

«Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք: Մեկ բան ուզում եմ անպայման շեշտել. քաղաքականության մեջ գտնվելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով: Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների և այլ շահի հետ: Իմ թիմի և ժողովրդի մեջքի հետևում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, և ոչ թե արցունքներ», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

«Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ», - ասաց նա՝ հավելելով․ - «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան»:

«Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, և կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է», - հայտարարեց Ծառուկյանը:

«Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է», - իր ելույթն ամփոփեց Գագիկ Ծառուկյանը:

Զոհրաբյանը ԲՀԿ-ն հայտարարում է ընդդիմություն

Նաիրա Զոհրաբյանը ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Այդ պաշտոնում Զոհրաբյանի թեկնածությանը ձեռնպահ քվեարկեց միայն ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

ԲՀԿ նախագահ ընտրվելուց հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց․ - «Ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ»:

Նաիրա Զոհրաբյանը ելույթի ժամանակ, արխիվ
Նաիրա Զոհրաբյանը ելույթի ժամանակ, արխիվ

«Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք վերգտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարված երկխոսությունն ու շարունակել աշխատել պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները լուծելու համար», - նշեց նա:

«Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում եմ ընդդիմություն: Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու համար: Մեզ հիմա լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա», - հայտարարեց ԲՀԿ-ի նոր ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG