Մատչելիության հղումներ

Իրանը և ԱՄՆ-ը «առաջընթաց» են արձանագրում միջուկային բանակցություններում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը եզրափակել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ երեք օր շարունակված բանակցությունները:

Մարտի 4-ին Զարիֆը հայտարարել է, որ շվեյցարական Մոնթրո հանգստավայրում անցկացված բանակցությունների ընթացքում առաջընթաց է արձանագրվել, սակայն հավելել է՝ «դեռ շատ աշխատանք կա անելու»:

Ամերիկացի մի պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, ասել է, որ որոշակի առաջընթաց արձանագրվել է, սակայն «առջևում դեռ բավական մեծ մարտահրավերներ կան»: Նա նաև նշել է, որ մարտի 15-ին հնարավոր է նոր երկկողմ հանդիպում տեղի ունենա, իսկ մինչ այդ՝ մարտի 7-ին, Քերրին հանդիպում կունենա Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի իր պաշտոնակիցների հետ:

Միացյալ Նահանգները և միջուկային ևս 5 գերհզոր տերություններ բանակցություններ են վարում Թեհրանի հետ, որոնց նպատակն է՝ սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թեթևացման դիմաց:

Մարտի 3-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ամերիկյան Կոնգրեսում, զգուշացրել է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանին ու ընդհանրապես աշխարհին։ Ըստ Նեթանյահուի, Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնությունը չի կարող խոչընդոտել Իրանին միջուկային զենք ստեղծելու ճանապարհին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի պատասխան, հայտարարել է, թե Նեթանյահուն որևէ ողջամիտ այլընտրանք չի առաջարկել:

Իրանի հետ միջուկային բանակցությունների վերջնաժամկետ է սահմանվել այս տարվա հունվարի 30-ի: Կողմերը նախատեսում են մինչև մարտի վերջ շրջանակային համաձայնագիր կնքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG