Մատչելիության հղումներ

Թբիլիսին «էական առաջընթաց» է սպասում ԵՄ ԱԳ Ռիգայի գագաթնաժողովում


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլի, արխիվ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ասել է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին էական առաջընթաց է սպասում, մասնավորապես՝ Եվրամիության երկրների և Վրաստանի միջև վիզային ռեժիմը ազատականացնելու հարցում:

Հայտնելով իր լավատեսությունը՝ Ուսուպաշվիլին ասել է․ - «Ռիգայի գագաթնաժողովում մենք էական առաջընթաց ենք սպասում վիզային ռեժիմի հետ կապված, որից հետո պետք է մնան զուտ տեխնիկական հարցեր, և մենք պետք է կարողանանք Վրաստանի բնակիչներին հայտնել, թե երբ ուժի մեջ կմտնի այդ կարևոր որոշումը»:

Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելել է ԱՄՆ և այս մասին լրագրողների հետ խոսել է Միացյալ Նահանգներում, բայց մանրամասների մեջ չի խորացել, ասելով՝ քանի դեռ աշխատանքները ընթացքի մեջ են, ձեռնպահ կմնա խոսել մանրամասներից:

Սակայն Ուսուպաշվիլին նշել է Ռուսաստանի խոչընդոտող դերակատարությունը այս գործընթացում:

«Չմոռանանք՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի քաղաքականությունը ուղղված է Եվրամիության հետ ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի ասոցացմանը խանգարելուն», - ասել է նա՝ հավելելով․ - «Ռուսաստանը չի հրաժարվել այդ ցանկությունից, ուստի մենք պետք է աշխատենք Եվրոպայի բոլոր երկրների և քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ռիգայի գագաթնաժողովում մեր խնդիրները լուծվեն: Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված»:

Ռիգայի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել գալիք մայիսին:

Եվրամիության և Վրաստանի միջև վիզային ռեժիմը դյուրացնելու բանակցությունները մեկնարկել են 2012 թվականի հունիսին, անցյալ տարվա հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Վրաստանը բավարարել է առաջին փուլի պահանջները, որոնք հիմնականում վերաբերում էին օրենսդրական փոփոխություններին: Եթե երկրորդ փուլի առաջընթացը ևս բավարար համարվի և Եվրահանձնաժողովը առաջարկի վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ, ապա դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ որոշումը հաստատվի Եվրախորհրդարանի և Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG