Մատչելիության հղումներ

Երկրորդ անգամ անցկացվեց ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի մրցույթը


Երկրորդ անգամ անցկացվեց ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի մրցույթը
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Արդյունքների հրապարակումից հետո պարզ կդառնան Ստրասբուրգում Հայաստանի դատավորի պաշտոնի երեք հավանական թեկնածուների անունները:

«Այս հանձնաժողովը ի վիճակի չէ Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին բավարարող թեկնածու ընտրել», - «Ազատության» հետ զրույցում պնդեց թեկնածուներից Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ բավական խնդրահարույց է գնահատման գործող համակարգը:

«Եթե անգամ գնահատման կարգի հետ կապված խնդիրը հանձնաժողովի հետ կապ չունի, ապա անհասկանալի է, թե ինչու այս անգամ էապես սահմանափակվեց մրցույթի թափանցիկությունը», - ասաց նա՝ շարունակելով․ - «Ինձ թվում է, որ դա անընդունելի պիտի համարվի: Հանրությունը պիտի տեսնի, թե ովքեր են այն անձինք, ովքեր մասնակցում են մրցույթին և հանրությունը պետք է իր խոշորացույցով նաև նրանց ստուգի: Ցանկացած այսպիսի մրցույթի լեգիտիմությունը, թափանցիկությունը, հրապարակայնությունն ու արդարությունը ուղղակիորեն ազդում է Եվրոպական դատարանի լեգիտիմության և նրա հեղինակության վրա»:

Վահե Գրիգորյանից բացի, ևս 5 թեկնածուներ այսօր մասնակցեցին ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին:

Նախորդ մրցույթի արդյունքում 4-դ տեղը զբաղեցրած Գրիգորյանը, ով փաստորեն չհայտնվեց հաղթողների եռյակում, համոզմունք հայտնեց, որ Ստրասբուրգում Հայաստանը ամբողջ արդյունավետությամբ չի իրականացնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Նրա համոզմամբ՝ իր ներկայությունը ՄԻԵԴ-ում կնպաստի արդյունավետության բարձրացմանը․ - «Դա ըստ էության այն շարժառիթներից մեկն է, որ ես մասնակցում եմ այս մրցույթին»:

Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնի համար մրցող մեկ այլ թեկնածուի՝ ԵՊՀ-ի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանի կարծիքով, այս մրցույթում հաղթում է ոչ թե ամենախելացին, այլ նա, ով կարող է առավելագույնս շահավետ ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանությունը Ստրասբուրգում: Իսկ բարձր կամ ցածր միավորները, ըստ նրա, շատ հարաբերական են․ - «Բայց օբյեկտիվություն միշտ էլ կարող է լինել»:

Այդուհանդերձ, դիտորդական առաքելություն իրականացնող ընկերությունները կարծում են, որ այս անգամ հանձնաժողովը այդպես էլ հնարավորություն չտվեց դիտորդներին ծանոթանալ մրցութային նյութերին, որոնց միջոցով հնարավոր կլիներ հասկանալ, թե արդյոք թեկնածուները բավարարում են եվրադատավորի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ չափորոշիչներն ու պահանջներին:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը պնդում է՝ ներկայումս լուրջ խոչընդոտներ են ստեղծվել դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

«Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության դիտորդներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը հավելում են, որ թափանցիկության բացակայությունը ԵԽԽՎ-ի չափանիշներով արդեն իսկ լուրջ խախտում է:

«Այս խոչընդոտը լուրջ է այն առումով, որ հնարավոր չէ այլևս իրական դիտորդական առաքելություն իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

«Մրցույթի մոտավորապես 50-55 տոկոսը, որը գնահատվում է լեզվի իմացության ստուգման արդյունքում և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, հնարավոր չեղավ դիտարկել, և դա կատարվեց գաղտնիության պայմաններում», - հավելեց Եգորյանը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն փակ դռների հետևում:

XS
SM
MD
LG