Մատչելիության հղումներ

Ավագանու անդամը թիվ 11 դպրոցի պարգևատրումները կասկածելի է համարում


Ավագանու անդամը թիվ 11 դպրոցի պարգևատրումները «ատկատ» է որակում
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

Ատկատները մտել են նաև դպրոցներ՝ պարգևատրումների տեսքով, պնդում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ վկայաբերելով քաղաքապետարանի էջում տեղադրված Երևանի թիվ 11 դպրոցի ֆինանսական փաստաթղթերը:

Բախշյանը նշում է, որ այս դպրոցում 2014 թվականի պարգևավճարների համար ծախսվել է 5 միլիոն դրամ, իսկ 2015-ին նախատեսվում է այդ թիվը հասցնել 8 միլիոն դրամի: Ընդ որում, անցած տարի տնօրենը երկու անգամ է պարգևատրել աշխատակիցներին 50 և 80 հազարական դրամներով: Ըստ Բախշյանի, հավելավճար ստացածներից 6-ի անունը դպրոցի աշխատավարձ ստացողների ցանկում ընդհանրապես չկա։

«Պարգևատրված այս 64 աշխատակիցների անունները բոլոր տարիֆիկացիաներում չէ, որ կան։ Պիտի աշխատի, որ պարգևատրվի»,- ընգծեց Բախշյանը։

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ի պատասխան միայն պնդում է, թե Բախշյանն իրեն ուղղակի հետապնդում է, և որ ինքը պատրաստ է անգամ դատարանում ապացուցել, որ այս ամենը Բախշյանի երևակայության արդյունքն է:

«Ես ի՞նչ է պիտի հարցնեմ որևէ մեկին, թե ում պարգևատրեմ և ում չպարգևատրեմ, կամ ում պարգևատրեմ մեկ անգամ, կամ «թույլ կտա՞ք նրան պարգևատրեմ նրան երկրորդ անգամ»։ Գարուն է, մարդիկ էներգիայով են լցվում և ակտիվանում են։ Բայց ակտիվանալ չի նշանակում կենտրոնանալ ինչ-որ մեկի վրա և հետապնդել»,- ասաց տնօրենը։

Տնօրենը տարակուսում է, թե ինչո՞ւ է Բախշյանն ուսուցիչների պարգևատրմանը դեմ: Բախշյանն էլ կասկածում է, որ այդ բոլոր գումարները հասել են հասցեատերերին ու հավելում, որ փաստաթղթերից կոռուպցիայի հոտ է առնում։

«Ուսուցիչը պետք է պարգևատրվի իր գերազանց գործունեության համար։ Բայց մենք բոլորս պիտի համոզվենք, որ ուսուցիչն է ստացել գումարը և պիտի համոզվենք, որ գերազանց աշխատանքի արդյունքում այդ դպրոցի աշակերտների կրթության որակը իսկապես բարձր է»,- ասաց Երևանի ավագանու անդամը։

Տնօրեն Ազիզյանը հրաժարվեց դպրոցի բյուջեի վերաբերյալ որևէ թիվ հրապարակել, թեև դրանք հրապարակման ենթակա տեղեկություններ են։

Վիճահարույց պարգևատրումներից բացի ավագանու անդամը նաև այլ փաստեր է մատնանշում: Մոնթե Մելքոնյանի անվան այս դպրոցը բյուջեից հատուկ գումար է ստանում ՝ հատուկ կարիք ունեցող աշակերտների տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Բախշյանը պնդում է, որ դպրոցի հատուկ կարիքներով 34 աշակերտից տնօրենը միայն մեկի տրանսպորտի գումարն է ծնողին փոխանցել: Տնօրենը հավաստիացնում է՝ ինքն առաջարկել է, ծնողներն են ստորագրությամբ հրաժարվել գումարից: Մինչդեռ օրենքով տնօրենը գումարն ուղղակի պետք է փոխանցեր, ոչ թե առաջարկեր։

Բախշյանը պնդում է, որ չնայած այս փաստերին թիվ 11 դպրոցի տնօրենը 15 տարի աշխատում է իր պաշտոնում, որովհետև նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին ու Հանրապետական կուսակցության անդամ է: Նաև դա է պատճառն, ըստ Բախշյանի, որ քաղաքապետարանի և կրթության պետական տեսչության ստուգումներն այս ուղղությամբ որևէ չարաշահում չեն բացահայտել:

«Հանրապետական կուսակցության անդամ է, ընտրությունների ժամանակ ջանք ու եռանդ չի խնայում»,- նշեց Բախշյանը։

Տնօրեն Ռուզան Ազիզյանը այս պնդումները հնացած է որակում.- «Նախագահի համակուրսեցի լինելը արդեն տարիներ շարունակ մաշվել է։ Վատ չէ, որ ես հաջողակ եմ։ Այսօր արդեն ծնողներն են արձագանքում և գրել էին՝ «Ինչպես Մոնթեի սուրն էր շատերի համար զորեղ, այնպես էլ ձեր գործն է զորեղ։ Չվախենաք, չկոտրվեք»»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG