Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյան. «Իմ գործով դատական պրոցեսը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի»


Ոստիկանները բերման են ենթարկում Հայկ Կյուրեղյանին, 12-ը հունիսի, 2014թ.
Ոստիկանները բերման են ենթարկում Հայկ Կյուրեղյանին, 12-ը հունիսի, 2014թ.

Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանը կալանավայրից նամակ է տարածել՝ համոզմունք հայտնելով, որ իր գործով դատական պրոցեսը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի։

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս 13 անձանց գործով դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել, իսկ հետո կալանավորվել` ոչ մարտական ատրճանակից կրակելով բողոքի ակցիա իրականացնելու համար:

Ակցիայից հետո Հայկ Կյուրեղյանը նախ մեղադրվեց զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության մեջ, որը նախատեսում է 4-ից մինչև 7 տարվա ազատազրկում, ապա օգոստոսին քննիչը առաջադրեց նաև երկրորդ մեղադրանքը՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը. այս հոդվածը նախատեսում է 5-ից մինչև 10 տարվա ազատազրկում:

Այսօր տարածած նամակում Կյուրեղյանը մասնավորապես գրել է. - «Դեռևս առաջին նիստի ժամանակ ես ոտքի չկանգնելով հայտարարեցի, որ Հայաստանում դատական համակարգը գործող ինքնակոչ իշխանությունների խամաճիկն է, որի հիմնական գործառույթը ոչ թե արդարադատության իրականացումն է հանուն Հայաստանի, այլ իշխանությունների «չագուչն» ընդդեմ ժողովրդի»:

Նշենք, որ Կուրեղյանը զրկված է նիստերին ներկա գտնվելու հնարավորությունից՝ նախորդ նիստերի ընթացքում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու պատճառով:

Նա, վկայակոչելով վերջին նիստի հեռուստատեսային լուսաբանումը, նշել է, որ նյութում ներկայացվել է «տուժող» ոստիկանուհու ցուցմունքն այն մասին, թե Շանթի գործով դատավարության ընթացքում իր կատարած ակցիայի ժամանակ վնասվել է նաև այդ ոստիկանուհին:

«Որքան հասկացա, փորձ է արվում ստեղծել այնպիսի պատկեր, որ ես ընդունակ եմ ձեռք բարձրացրել ոչ միայն հայ կնոջ, թեկուզ ոստիկան, այլ նաև իմ ակցիային չառնչվող ցանկացած այլ անձի վրա: Պնդում եմ, որ այդ ցուցմունքն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, կեղծ է և հորինովի: Ռեժիմը՝ հավատարիմ իր գործելաոճին, այս անգամ ևս դիմեց հոգեհարազատ ստին, կեղծիքին ու շանտաժին: Չկա և չի կարող լինել որևէ փաստացի ապացույց, ցուցմունք, կամ տեսագրություն, որը կհիմնավորի ոստիկանուհու շինծու ցուցմունքը», - գրել է Կյուրեղյանը՝ պնդելով. - «Ես նորից կրկնում եմ ակցիայի իմ հայտարարությունը՝ ես դեմ եմ դուրս եկել հրեշին՝ գործող համակարգին և այդ համակարգով իշխող ռեժիմին, և իմ «կրակոցներն» ուղղված են բացառապես համակարգին»:

Նամակին կից Կյուրեղյանը հրապարակել է նաև տեսանյութերի հղումներ ու ընդգծել, որ տարբեր տեսախցիկներից կատարված տեսագրություններում ոչ մի կին ոստիկան չի երևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG