Մատչելիության հղումներ

Եռանախագահները Երևանում դիվերսանտների հարցը չեն բարձրացրել. Նալբանդյան


Այն ասեկոսեները, թե իբր Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանցի դիվերսատներին Ադրբեջանին փոխանցելու հարցը բարձրացրել են Երևանում՝ իրենց վերջին այցելության ժամանակ, չի համապատասխանում իրականությանը, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Եռանախագահները մեզ մոտ այդ հարցը չեն բարձրացրել»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով.- «Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե մարդասպաններին ինչպես են ընդունում և հերոսացնում Ադրբեջանում, ինչպես դա եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում, և դա միակ դեպքը չէր»։

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը հորդորել էր Լեռնային Ղարաբաղում դատապարտված Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին վերադարձնել Ադրբեջանին՝ միաժամանակ նշելով, որ դա մարդասիրական ժեստ է, ինչը նպաստում է լարվածության նվազմանը:

«Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրության մասին։ Սակայն ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Ադրբեջանի պարագայում։ Ադրբեջանում հայտնված քանի՞ հայազգի քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջև նվաստացվել, ապա սպանվել։ Կամ այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմանններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը, իսկ դրա իրական դրսևորումները ծառայեցնում են ատելության և այլատյացության խորացման համար»,- այսօր այս հարցի վերաբերյալ ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG