Մատչելիության հղումներ

ԵԽ հանձնակատարը մատնանշում է մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկս, արխիվ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը երեքշաբթի օրը որպես երրորդ կողմ հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված իր միջնորդությունը ադրբեջանական «Թոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր 56-ամյա Հիլալ Մամեդովի գործով:

Մուժնիեկսը, ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, վկայակոչել է Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումները, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարողների նկատմամբ իրավապահների կրնկակոխ հետապնդումները:

Հանձնակատարը Եվրոպական դատարանին ներկայացրած միջնորդությամբ նշել է, որ ինքը Հիլալ Մամեդովի գործին ծանոթացել է՝ նրան հանդիպելով 2012 և 2013 թվականներին, երբ նա դեռ նախնական կալանքի տակ էր: Նիլս Մուժնիեկսը վկայել է, որ դեռ այն ժամանակ Մամեդովի հետ բանտում կային այլ ադրբեջանցի լրագրողներ, բլոգերներ և իրավապաշտպաններ, նրանք բանտարկվել էին իրենց աշխատանքի հետևանքով:

«Նրանց դեմ հաճախ կիրառվում են ընտրովի քրեական մեղադրանքներ», - նշել է հանձնակատարը՝ նկարագրելով ընտրովի մեղադրանքների մանրամասները:

Ըստ Մուժնիեկսի, Ադրբեջանում լրագրողների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող իրավապաշտպանների և ազատ քաղաքացիների դեմ մեղադրանքներ առաջադրելով՝ իշխանությունները խոչընդոտում են իրավունքների իրացմանը:

«Եկել է ժամանակը, որ Ադրբեջանը սկսի կատարել իր պարտականությունները և վերականգնի մթնոլորտը, որտեղ այլախոհները գոյության իրավունք ունենան և կարծիք հայտնեն առանց ճնշումների ենթարկվելու վախի», - նշված է հաղորդագրության մեջ:

Հանդես գալով որպես երրորդ կողմ՝ հանձնակատարը ներկայացնում է հավելյալ փաստարկներ Ադրբեջանում հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիլս Մուժնիեկսի այս միջնորդությունն առաջինն է Եվրոպական դատարանում քննության առարկա դարձած և հանձնակատարի ուշադրության կենտրոնում գտնվող հինգ գործերից: Հանձնակատարը, ինչպես նշված է հաղորդագրությունում, պատրաստում է նյութեր, որոնք Եվրոպական դատարանին կփոխանցի նաև ադրբեջանցի մյուս բանտարկյալների՝ Ռասուլ Ջաֆարովի, Անար Մամեդլիի, Ինտիգամ Ալիևի և Արիֆ ու Լեյլա Յունուսների գործերով, որոնց հանդիպել էր հոկտեմբերին բանտախցերում:

Եվրախորհրդի հանձնակատարը աշնանն այցելել էր նաև Հայաստան: Նոյեմբերի 5-ի «արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Շանթ Հարությունյանի, Վահե Մկրտչյանի, Վարդան Վարդանյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ալեք Պողոսյանի և Հայաստանի իշխանություններից դժգոհ մյուս քաղաքացիների հարազատները հանդիպել էին Նիլս Մուժնիեկսին, ներկայացրել քրեական գործի քննության ժամանակ արձանագրված խախտումները:

Հանձնակատարի օգնականն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ դեռևս ամփոփվում է Հայաստանի վերաբերյալ հանձնակատարի զեկույցը, և այն կհրապարակվի առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG