Տրանսպորտի և կապի նախարարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված 5 գերակա խնդիրները սահմանված ժամկետում կատարվել են, այսօր հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլայանը՝ ներկայացնելով նախարարության գործունեության հաշվետվությունները։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հաշվետվությունում նշվել է, որ ընդունվել է տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիրը, օրենսդրական կարգավորում է ստացել տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների բնագավառը: Արդյունքում՝ ֆիզիկական անձանց իրավունք է տրվել տաքսի ծառայություն մատուցել, կրճատվել են լրացուցիչ ծախսերը և վարչարարությունը, միաժամանակ բարձրացվել են ուղևորների շահերի պաշտպանությանը ներկայացվող պահանջները:
Նախարարությունից նաև հաղորդել են, որ նախորդ տարվա ընթացքում շարունակվել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման, պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրով Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածների կառուցման աշխատանքները: Զեկուցվել է, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրի ֆինանսավորման համար համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի հետ:
Հաշվետվությունը ներկայացնելիս նաև նշվել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության նպատակով կատարվել են ճանապարհային քարտեզով նախատեսված տրանսպորտի բնագավառին առնչվող բոլոր միջոցառումները։
Քննարկման ընթացքում նշվել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհաշինական, թվային հեռուստահեռարձակմանն անցնելուն և ընթացիկ տարվա համար նախատեսված այլ ծրագրերի իրականացման աշխատանքները:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է գերատեսչությանն ակտիվացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման աշխատանքները: