Մատչելիության հղումներ

Կիևը քննարկում է ՄԱԿ-ի խաղաղապահներ հրավիրելու հնարավորությունը


Կիևը քննարկում է ՄԱԿ-ի խաղաղապահներ հրավիրելու հնարավորությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Արևմուտքը չի բացառում նոր պատժամիջոցներ։

«Ռուսական կողմը դեմ է խաղաղապահների գաղափարին»

Ուկրաինայի ղեկավարությունը մտադիր է ՄԱԿ-ին դիմել երկրի արևելյան շրջաններում խաղաղապահներ տեղակայելու և անկայուն հրադադարին նպաստելու խնդրանքով։ Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ուկրաինայի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որի ընթացքում նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, թե լավագույն տարբերակը կլինի Եվրոպական միության ուժերի տեղակայումը։

«Այսօր ձեզ առաջարկում ենք քննարկել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն հրավիրելու հարցը, առաքելությունն իրականացվելու է ըստ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան մանդատի»,- ասել է Պորոշենկոն։

Ռուս անջատականները դեմ են խաղաղապահների գաղափարին՝ պնդելով, թե այն հակասելու է Մինսկում անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնությանը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել է, որ «հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու Պորոշենկոյի նախաձեռնությունը կասկածի տակ է դնում Մինսկի համաձայնությանը հետևելու ուկրաինացիների պատրաստակամությունը»։

Արևմուտքը դատապարտում է Դեբալցևոյի գրավումը

Կիևը խաղաղապահների հարցն արծարծել է այն բանից հետո, երբ ուկրաինական ստորաբաժանումները երեկ ստիպված լքել են ռուս անջատականների կողմից շրջափակված և անդադար գրոհների ենթարկված Դեբալցևո ավանը։

Միջազգային համայնքը խստորեն դատապարտել է հրադադարի պայմաններում անջատականների իրագործած ռազմական առաջխաղացումը և շարունակում է Մոսկվային մեղադրել անջատականներին զինծառայողներով, զենքով ու զինամթերքով աջակցելու համար։

Մոսկվան, ինչպես միշտ, հերքում է մեղադրանքը՝ պնդելով, թե ոչ մի առնչություն չունի անջատականների հետ։

Ռազմական դրության մասին օրենքը կլրամշակվի

Մինչդեռ Կիևը քննարկում է նաև ռազմական դրության մասին օրենքը լրամշակելու և ներկայիս իրավիճակին համապատասխանեցնելու հարցը։

«Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր երկիրը, ես կարգադրել եմ վերլուծել ռազմական դրության մասին օրենքը, այն պետք է համալրվի և հաշվի առնի «հիբրիդային» պատերազմի յուրահատկությունները և դրա` լայնածավալ պատերազմի վերաճելու տեսանելի վտանգը»,- ասել է Պորոշենկոն և հույս հայտնել, որ ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն, ինչպես նաև խորհրդարանը կաջակցեն ռազմական դրության մասին օրենքը լրամշակելու առաջարկություններին։

Դոնեցկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» ղեկավար Դենիս Պուշիլինը ՌԻԱ ռուսաստանյան գործակալությանն ասել է, թե խաղաղապահների տարբերակը հակասելու է Մինսկում կնքված հրադադարին։

Մինչդեռ, այդ ինքնահռչակ կազմավորման «պաշտպանության նախարար» Էդուարդ Բասուրինն ասել է, թե հարցը թող Կիևը որոշի։

«Հակամարտության ամենավաղ շրջանում մենք էինք դիմում Ռուսաստանին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրներին խաղաղապահների հարցը քննարկելու կոչով, այն ժամանակ մեզ ասացին՝ «ոչ»։ Եթե ուզում են խաղաղապահներ բերել, թող բերեն, մենք դեմ չենք»,- ասել է Բասուրինը։

Մոսկվան պաշտպանում է Դեբալցևոն գրավելու գործողությունը

Ռուսաստանի համոզմամբ, Դեբալցևոյի վրա ռուս անջատականների գրոհները չեն հակասել հրադադարին, քանի որ, ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է պնդում՝ «այն կնքելու պահին ավանն արդեն շրջապատված էր»։

Մինսկի հրադադարի միջնորդներ Գերմանիան և Ֆրանսիան խստորեն դատապարտել են ռուսների կողմից Դեբալցևոյի գրավումը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «ռուսական ուժերը, հրետանին և հակաօդային պաշտպանությունը տակավին ակտիվ են Ուկրաինայում»։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պահպանում Մինսկի հրադադարի պահանջները, ինչի հետևանքով կարող է ենթարկվել առավել ծանր պատժամիջոցների։

Պետքական քարտուղար Ջոն Քերրին երեկ Մոսկվային կոչ է արել վերջ տալ ռուսական ուժերի գործողություններին։

Ռուսները «Панцырь-С-1» հրթիռներ են տրամադրել անջատականներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը երեկ հրապարակել է Արևելյան Ուկրաինայի տարածքում գտնվող ՍԱ-22 տեսակի երկիր-երկինք հրթիռային կայանքների լուսանկարներ, որոնք անվանում են նաև «Պանցիր-Ս-1»։

Ուկրաինայի զինված ուժերը երբևէ չեն ունեցել նման զենք, հետևաբար ռուս անջատականները չեն կարող պնդել, թե կայանքները գրավել են ուկրաինացիներից, ինչը նշանակում է, որ դրանք հենց Ռուսաստանից են բերվել։

Բրիտանացիների հրապարակած արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ նշված կայանքները հունվարի 24-ին և փետրվարի 5-ին տեղակայված են եղել Շախտարսկ ավանի մոտ, իսկ փետրվարի 4-ին՝ Դոնեցկում։

Ռուսաստանը սպառնում է Բալթյան երկրներին

Լոնդոնից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնը հայտարարել է, որ Ռուսաստանն իրական սպառնալիք է Բալթյան երկրների համար, ինչը ստիպում է ՆԱՏՕ-ին ձեռնարկել այդ երեք հանրապետությունները պաշտպանելու լրացուցիչ միջոցներ։

Կանադան Ռուսաստանի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ։ Արևմուտքը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կշարունակի նոր պատժամիջոցներ կիրառել։ Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ կդիմի պատասխան քայլերի։

Այսօր հրադադարի հարցը «նորմանդյան քառյակի» ձևաչափով հեռախոսով քննարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

XS
SM
MD
LG