Մատչելիության հղումներ

8 հազար դոլար՝ անմեղսունակության մասին եզրակացության համար


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել հոգեբուժարանի աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափի և Քննչական կոմիտեի ավագ քննիչի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու վերաբերյալ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ Լյուդվիգ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հայաստանի քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրեն է մեղսագրվել գողություն և խարդախություն, ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող հոգեբուժարանի աշխատակիցը անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տալու և այդ հիմքով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար անցած տարվա հուլիսի 21-ից օգոստոսի 4-ը ժամանակահատվածում իրենից պահանջել է 8 հազար դոլար կաշառք, իսկ դեկտեմբերին Քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար պահանջել է 500 դոլար կաշառք:

Կալանավորի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ՝ «խոշոր չափերով կաշառք ստանալը», և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշված հանցագործությունների համար Քրեական օրենսգրքով սահմանված է, համապատասխանաբար, 4-10 և 7-12 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG