Մատչելիության հղումներ

Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, արխիվ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, արխիվ

Ոստիկանություն տարված անձինք նույն օրը ազատ են արձակվել: ԼՐԱՑՎԱԾ

Երեքշաբթի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Աջափնյակ համայնքի կենտրոնական գրասենյակից ոստիկանություն են բերման ենթարկվել մոտ երկու տասնյակ ԲՀԿ անդամներ, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը։

Ոստիկանությունում քաղաքացիներին բերման ենթարկելու մասին տեղեկությունը հաստատեցին, թեև Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց, որ տեղյակ չէ ոստիկանության տարված քաղաքացիների կուսակցական պատկանելությանը։

«Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող նշված հասցեում վիճաբանություն է: Ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր, այս պահին ոստիկանության բաժնում կա 19 քաղաքացի, հանգամանքները պարզվում են: Կուսակցական պատկանելությունը, ճիշտն ասած, չգիտեմ», - երեկ երեկոյան «Ազատության» հետ զրույցում նշեց Ահարոնյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը «Ազատությանը» պատմեց, որ բերման ենթարկվածների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Թովմասյանը, ոստիկաններն ասել են, որ բացատրություն են վերցնում, որից հետո բերման ենթարկվածներին բաց կթողնեն:

«Ազատության» հարցին՝ վիճաբանություն իսկապե՞ս եղել է, Կարապետյանը պատասխանեց․ - «Ոչ, ի՞նչ վիճաբանություն, այնտեղ կանայք, երեխաներ էլ են եղել: Մեր գրասենյակում կանայք էլ են աշխատում»:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չորեքշաբթի վաղ առավոտյան «Ազատությանը» փոխանցեց, որ ԲՀԿ-ի Աջափնյակի գրասենյակից երեկ ոստիկանություն տարված 19 անձինք նույն օրը ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG