Մատչելիության հղումներ

Համանախագահները Ալիևի հետ քննարկել են սահմանին տիրող իրավիճակը


Մինսկի խմբի համանախագահները Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, արխիվ

Այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում գրել է, որ Ալիևի հետ հանդիպմանն ակնկալում է լուրջ զրույց՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

Մինչ այդ հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է սկսել աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, Մինսկի խմբի համանախագահներն արդեն հասկանում են, որ ժամանակն է սկսել աշխատանք՝ մեծ համաձայնության նպատակով: Ըստ Մամեդյարովի, այդ տեսակետն ունեն նաև համանախագահ երկրների ղեկավարները:

Ադրբեջանի արտգործնախարարը, լրատվամիջոցների հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվում պաշտոնական հանդիպումներին ընդառաջ ասել է, թե Լաչինում, Քելբաջարում հայկական զորքեր չպետք է լինեն:

«Պետք է սկսել լուրջ բանակցություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով», - հայտարարել է Մամեդյարովը` կրկին կիրառելով «օկուպացրած տարածքներ» արտահայտությունը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում գնահատեց Մամեդյարովի հայտարարությունները և ասաց, թե ինչ պետք է ասի հայկական կողմը վաղը Երևան, ապա Ստեփանակերտ ժամանող համանախագահներին:

«Քելբաջար և Լաչին հասկացություն ընդհանրապես չկա: Ինչ վերաբերում է Մամեդյարովի այսպիսի մոտեցումներին, այսինքն՝ ցանկացած փորձ՝ վերադառնալու անցյալին, նամանավանդ՝ սահմանների առումով, կարգավիճակի և այլն… Ոչ միայն անընդունելի են, այլև հղի են շատ անկանխատեսելի հետևանքներով: Կարծում եմ, որ նման հայտարարությունը ուղղակի ... ադրբեջանական կողմը կրկին ցույց տվեց իր անհարգալից վերաբերմունքը», - ասաց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG