Մատչելիության հղումներ

Սկսվել է Մեծ Պահքը


Հայ առաքելական սուրբ եկեղեցին այս տարի փետրվարի 15-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում է նշում Մեծ Պահքը, որին նախորդում է Բուն Բարեկենդանը:

Բարեկանդանը խորհրդանշում է դրախտում մինչև Աստծո առաջ անհնազանդությունը մարդկության նախահոր և նախամոր՝ Ադամի և Եվայի անցկացրած ժամանակահատվածը: Այդ է պատճառը, որ Բուն Բարեկենդանը՝ բարի կենդանություն, անհոգ ու երջանիկ կյանքը խորհրդանշող այս տոնը հայ ժողովուրդը մշտապես մեծ ցնծությամբ է նշել՝ խնջույքներով, ամենահամադամ խորտիկներով, հատուկ երգուպարով, կատակներով և սրամտություններով, որոնք անմիջապես ավարտվել են մութն ընկնելուն պես, որովհետև, ըստ մեր եկեղեցու, մութն ընկնելուն պես գալիս է արդեն հաջորդ օրը՝ այսինք սկսվում է 49-օրյա Մեծ Պահքի ժամանակաշրջանը:

Մեծ Պահքի ընթացքում փակ են մնում եկեղեցու վարագույրները՝ ծածկելով եկեղեցու բեմը , ինչը խորհրդանշում է Ադամի ու Եվայի արտաքսումը Դրախտից Աստծո կողմից,: Հաջորդ կիրակին էլ՝ Մեծ Պահքի 7 կիրակիներից երկրորդը, հենց այդպես էլ կոչվում է՝ Արտաքսման կիրակի:

Եվ այս ահա երեկ երեկոյան ժամերգությւոնից հետո հայ առաքելական աշխարհասփյուռ բոլոր եկյեղեցիներում փակվեցին վարագույրները, որոնք կբացվեն միայն Սուրբ Հարության տոնի նախորդ երեկոյան տեղի ունենալիք Ճրագալույցի պատարագի ժամանակ, իսկ հաջորդ օրը կնշվի Հիսուսի Սուրբ Հարության տոնը:

Իսկ առաջիկա 49 օրերը պահոց օրեր են ի հիշատակ Քրիստոսի անապատում անցկացրած 40-օրյա ճգնակեցության և ծոմապահության:

Մեծ Պահքի վերջին՝ Ավագ շաբաթը խորհրդանշում է Հիսուսի կյանքի վերջին օրերը՝ սկսած Ծաղկազարդի կիրակիից՝ նրա մուտքը Երուսաղեմ, վերջին ընթրիքն իր աշակերտների հետ, մատնությունը, չարչարանքներն ու խաչելությունը և ի վերջո Հիսուսի հրաշափառ Հարությունը, որն այս տարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշելու է ապրիլի 5-ին:

Մեծ Պահքի օրերին պետք է հրաժարվել կենդանական ծագում ունեցող սննդից, ոգելից խմիչքներից, սնվել միայն բուսական սննդամթերքով: Իհարկե կան քրիստոնյաներ, ովքեր այս ընթացքում միմիայն աղուհացով են սնվում կամ էլ միառժամանակ հրաժարվում են սննդից և ծոմ պահում: Բայց մեր եկեղեցու հայրերը դարեր շարունակ հորդորել են առաջին հերթին պահոց շրջանում վեր կանգնել հոգեկան ու բարոյական աղտերից, մոլորություններից, վատ խոսքից, գործից մաքրվել հոգով՝ զղջմամբ ու ապաշխարանքով, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է դեռ 1600 տարի առաջ ասել․ «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG