Մատչելիության հղումներ

Ուսումնասիրվել են Պերմյակովի մոտ եղած հեռախոսահամարների վերծանումները


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ, ուսումնասիրվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, ինչպես նաև դեպքի վայրից իր հետ վերցրած բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները:

ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն, ուսումնասիրվում է այդ հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվությունը դեպքից առնվազն մեկուկես ամիս նախորդած ժամանակահատվածից մինչև Վալերի Պերմյակովի հայտնաբերումը, նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն:

Ինչ վերաբերում է Վալերի Պերմյակովի կողմից խլացուցիչ զենքով կրակոցներ արձակելու վարկածին, ապա հնարավոր բոլոր վարկածներն ստուգելու և չփարատված կասկած չթողնելու նպատակով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը և փորձագետի պարզաբանմանն է առաջադրվել հետևյալ լրացուցիչ հարցադրումը, թե դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:

Քրեական գործով ստացվել են Վալերի Պերմյակովի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի կողմից ալկոհոլ կամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքն ստուգելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ Վալերի Պերմյակովից և վերջինիս հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ևս 12 ժամկետային զինծառայողից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG