Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները քննադատել են Ադրբեջանին


ԱՄՆ-ի կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Վաշինգտոնը զգուշացնում է Ալիևին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին կամ սպասել պատժամիջոցների։

Պաշտոնական Բաքուն դարձյալ քննադատության է ենթարկվել մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունը ճնշելու համար: Այս անգամ արդեն Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից կողմից, որտեղ նախօրեին լսումներ են տեղի ունեցել Ադրբեջանում օր օրի անհետացող ժողովրդավարության մասին։

«Բարդ հարևանության մեջ գտնվելը, սենդվիչի պես՝ Ռուսաստանի և Իրանի միջև, չի նշանակում, որ Ադրբեջանին պետք է ներել իրավունքներ խախտելու համար»,- հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի եվրոպական երկրների հետ համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ Դանա Ռոհրաբախերը։

Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների ենթատեքստում ամերիկացի քաղաքական գործիչը հիշեցրել է Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի և այնտեղ աշխատող լրագրողների վրա հարձակումների մասին և հայտարարել, որ նման քայլերով Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են մամուլի ազատությունն ու հանրային քննարկումները։

Ռոհրաբախերը չի շրջանցել նաև Բաքվում ամերիկյան դեսպանատան աշխատանքը։ Իր քննադատական խոսքում նշել է, որ ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է դժվարին պահին օգնության ձեռք մեկնել իրավապաշտպան Էմին Հուսեյնովին, ում ձերբակալությունը կանխել է Շվեյցարիայի դեսպանատունը։

Առանց քննադատող ձայների ժողովրդավարություն չի լինում, իր հերթին հայտարարել է մեկ այլ կոնգրեսական Ալբիո Սայերսը։ Կոնգրեսական Վիլյամ Քիթինգն էլ Օբամայի վարչակազմից պահանջել է նախ պարզել, թե արդյոք Ադրբեջանն ուզում է լինել Միացյալ Նահանգների գործընկերը, ինչպես նաև նրանց հետ շփումներում հստակեցնել այն բոլոր մտահոգությունները, որոնք առաջացել են վերջին շրջանում՝ կապված այդ երկրում տիրող իրավիճակի հետ։

Վուդրո Վիլսոնի միջազգային կենտրոնի մասնագետ, փորձագետ Օդրի Օլշթադտը իր խոսքը հիմնավորելու համար մի քանի փաստեր է նշել. Ադրբեջանում բռնատիրությունը սկսել է ավելի մեծ թափ առնել 2003 թվականին Ալիևի՝ նախագահ դառնալուց հետո։ Ներկայում այդ երկրում մոտ 100 քաղբանտարկյալ կա, այդ թվում` իրավապաշտպաններ, լրագրողներ և իրավաբաններ։

Փորձագետ ը նկատել է՝ Ադրբեջանն այսօր ժողովրդավարական երկիր չէ, և այդ երկրի կառավարությունը հետևողականորեն ձերբազատվում է ժողովրդական նորմերից։ Այդ ամենի հեղինակը Վաշինգտոնին մեղադրում է իր կառավարությունը ապակայունացնելու մեջ, հավելել է փորձագետը։

Առավել կոշտ էր Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի ելույթը։ Վերջին շրջանում Կոզլարիչ հաճախ է տարբեր ամբիոններից քննադատում Ալիև ընտանիքին։

«Ալիևի քաղաքական խորհրդականների գործողությունները ավերել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ երկու տասնյակ տարվա ջանքերը»,- նկատել է Բաքվում աշխատած ամերիկացի դիվանագետը։

Նշելով, որ աշխարհաքաղաքական և գլոբալ էներգետիկ իրավիճակը փոխվել է, Կոզլարիչն ասել է, որ Ադրբեջանի, ինչպես նաև կասպյան տարածաշրջանի դերն ու նշանակությունն ԱՄՆ-ի համար արդեն այնքան էլ կարևոր չէ։

«Անցյալի հետ համեմատ ներկայումս իրավիճակն Ադրբեջանում ամենավատն է: Առաջընթացի բացակայության, քաղբանտարկյալներն ազատ չարձակելու դեպքում ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերանայի այդ բոլոր ձերբակալությունների համար պատասխանատու պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը»,- ասել է Կոզլարիչը։

Վաշինգտոնում իր ակտիվությամբ աչքի ընկնող Ադրբեջանի դեսպանատունն այս լսումներին ներկայություն չապահովեց, թեև հրավիրյալների ցանկում էր։ Փոխարենն ուղարկել էր լրագրողների՝ քննարկումները ձայնագրելու նպատակով, նշում են տեղից հաղորդող ընդդիմադիր լրատվամիջոցները։

Այս լսումներին հաջորդել է ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած այս հայտարարությունը՝ վաղը Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ՝ նվիրված ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։ Մասնակցելու են մի քանի տասնյակ պատգամավոր, ՀԿ-ների ղեկավարներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Առայժմ հայտնի չէ՝ Ադրբեջանում նորանշանակ ամերիկացի դեսպանը, ով երեկ էր ժամանել Բաքու, ներկա կլինի այս լսումներին, թե՝ ոչ։ Ռոբերտ Ֆրենսիս Սիքյութան, ի դեպ, Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր խոսքում նշել էր, որ իր գործունեության հիմնական ոլորտներից մեկը ժողովրդավարության զարգացումն ապահովելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG