Մատչելիության հղումներ

2012-ից հետո Հայաստանում բանտարկյալների թիվը աճել է 8 տոկոսով


2012-ից հետո Հայաստանում բանտարկյալների թիվը աճել է 8 տոկոսով
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Եվրախորհրդի վերջին զեկույցի համաձայն, Հայաստանը 47 պետությունների շարքում առաջիններից մեկն է ազատազրկվածների թվի աճով, և վերջիններից մեկը՝ նրանց վրա ծախսվող գումարի չափով:

Ուսումնասիրության համաձայն, 2012-ից հետո բանտարկյալների թիվը Հայաստանում աճել է մոտ 8 տոկոսով, ընդ որում, 70 տոկոսը դատապարտված են 3-10 տարով: Այս ցուցանիշով Հայաստանը Եվախորհդի անդամ երկրների շարքում ետնապահներից է՝ առաջ անցնելով միայն Ադրբեջանից:

Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանը, ով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկու տարի է անցկացրել, նշում է, որ առաջին խցում, որտեղ ինքը հայտնվել էր, մարդիկ հերթափոխով էին քնում։

«Մեր խցում կար անձնավորություն, որը շատ մանր՝ մի քանի հազար դրամի գողության մեջ էր մեղադրվում, և նա պահվեց քրեակատարողական հիմնարկում մոտ տարի ու կես։ Այսինքն, 1.5 տարի էդ մարդուն տանջեցին, չթողեցին քնի նորմալ։ Եթե էդ փոքր հանցանքների համար գոնե կալանքը որպես սանկցիա չկիրառեին, մարդկանց չբանտարկեին, հնարավոր էր ունենար մյուս կալանավորը, որը մի քիչ ծանր հանցանքի մեջ մեղադրվող ա, հնարավորություն ունենար իր կալանքը կրեր գոնե մինիմալ պայմաններում», - ասաց Տիգրան Առաքելյանը:

Ըստ ընդդիմադիր ակտիվիստի ՝ իշխանությանը ձեռնտու է հնարավորինս շատ կալանավորներ ունենալ՝ նրանց համար հատկացնող միջոցները գրպանելու համար։ Ըստ Եվրախորհրդի զեկույցի Հայաստանում բանտարկյալի ծախսերի համար օրական 6.5 եվրո գումար է ծախսվում՝ միջին վիճակագրականից 15 անգամ քիչ։

«Տեսեք, ասենք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, էնտեղ կան մարդիկ՝ մոտ 5-6 տոկոս, ովքեր օգտվում են սննդից ստիպված։ Կա ճաշացանկ, էնտեղ կա սննդամթերքի ցանկ, որը երբեք կալանավորը չի տեսել, այսինքն էնտեղ կա կաթ, էնտեղ կա ձու, այսինքն՝ մշտապես դուք կլսեք բորշ կուտե՞ս։ Դա կաղամբ ա, էն էլ՝ չկտրած, կարտոֆիլը՝ սև, այսինքն՝ բորշ դրա անունն ա։ Թղթերի վրա կա՝ միս ենք գնել, բայց միս չի մտել քրեակատարողական հիմնարկ», - ընդգծեց նախկին կալանավորը:

Քրեակատարողական հիմնարկներում մոնիթորինգ իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ավետիք Իշխանյանն ասում է՝ վիճակագրական այս թվերի հետևում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծելու համար առաջին հերթին քաղաքական կամք է անհրաժեշտ։

«Ցավոք սրտի, եթե Հայաստանը ինչ որ բարեփոխումներ էլ անում է, ոչ թե գալիս է գիտակցությունից, որ պետք է այդ մարդկանց վիճակը բարելավել, այլ միայն այն կոսմետիկ բարեփոխումները, որ կատարում են, միայն միջազգային պարտավորություններից ելնելով են կատարում։ Իսկ եթե ներքին ցանկություն չկա, միջազգային պարտավորությունները կարելի է այնպես ներկայացնել, իբր ինչ-որ մի բան կատարված է», - ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանները այսպիսի մի կոսմետիկ փոփոխություն են համարում Արմավիրի քրեակատարողական հիմնարկի բացումը։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, շենքային լավ պայմանները հազիվ թե փոխեն իրավապահների վերաբերմունքը ազատազրկվածների հանդեպ:

«Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձը կոռուպցիայի վերաբերյալ հաղորդում է տալիս, և քննություն պատշաճ չի իրականացվում, այսինքն՝ ջանք դնել: ՀՔԾ-ի կողմից չենք տեսնում, որ ջանադրությամբ փորձում են այդ կոռուպցիան, հանցագործությունը, որի մեջ ներգրավված են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որպեսզի բացահայտվի։ Բացի այդ՝ իրավական պաշտպանվածությունը ազատազրկված անձանց նույնպես 0-ի վրա է, որովհետև նրանք ռիսկ չեն անում բողոքեն, այսինքն՝ բավական խոցելի են հենց էդ վիճակում», - նշեց իրավապաշտպանը։

Հայաստանի մասով Եվրախորհրդի զեկույցի բացասական ցուցանիշները մեկնաբանելու համար դիմեցինք նաև Արդարադատության նախարարություն։

Սկզբում նշեցին, որ զեկույցը նոր պետք է ուսումնասիրեն, իսկ հետո արձագանքեցին, թե խնդրին տեղյակ պաշտոնյան զբաղված է և չի կարող այսօր պատասխանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG