Մատչելիության հղումներ

Ասադ. «ԱՄՆ-ի հետ որոշակի միջնորդավորված կապեր առկա են»


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տալիս BBC-ին, Դամասկոս, 9-ը փետրվարի, 2015թ․
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տալիս BBC-ին, Դամասկոս, 9-ը փետրվարի, 2015թ․

«Վերջին մի քանի տարիները եկան ապացուցելու` Բաշար Ասադին թերագնահատել չի կարելի», - Սիրիայի նախագահի հետ հարցազրույցն այսպես է ամփոփել BBC-ի մեկնաբանը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստովանում է` Վաշինգտոնն ու Դամասկոսը համագործակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Այս մասին Սիրիայի ղեկավարը հայտարարեց երեկ երեկոյան BBC-ով հեռարձակված մոտ կես ժամանոց բացառիկ հարցազրույցի ընթացքում:

Ասադի խոսքով, սակայն, չնայած առկա համագործակցությանը, երկու երկրների միջև ուղղակի կապերը բացակայում են:

«Դա ճիշտ է, երրրորդ կողմի, երբեմն՝ Իրաքի, երբեմն՝ այլ պետությունների միջոցով մեզ ընդհանուր ինչ-ինչ ուղերձներ են փոխանցվում: Դրանք, սակայն, մարտավարությանը չեն վերաբերում: Այն, ինչ տեղի է ունենում, երկխոսություն չէ, դա տեղեկատվություն է», - նշեց Բաշար Ասադը:

Զարգացնելով թեման՝ BBC-ի թղթակից Ջերեմի Բոուենը հարցրեց․ - «Արդյո՞ք արևմտյան կոալիցիայի անդամները, մասնավորաբար՝ ամերիկացիները, ինչ-որ տեղեկատվություն են տրամադրում ձեզ»:

«Նման մի բան», - չհերքեց Ասադը՝ հավելելով, սակայն, որ սիրիական կողմն ամերիկացիներին որևէ տեղեկություն չի հաղորդում:

Բրիտանացի լրագրողի հետ զրույցում Սիրիայի նախագահը նաև հատուկ ընդգծեց, որ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ ամերիկացիների ղեկավարած կոալիցիան սկսեց օդային հարձակումներ իրականացնել «Իսլամական պետության» դեմ, Դամասկոսը նախապես տեղեկացված էր դրանց մասին:

«Ռազմական այդ արշավի մասին մենք տեղյակ էին դրա մեկնարկից առաջ, սակայն որևէ մանրամասների չէինք տիրապետում», - ասաց Ասադը:

Սիրիայի նախագահը նաև հերքեց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցվող մեղադրանքները, թե Սիրիայի կառավարական բանակի գործողությունների հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են տուժում:

Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվող զանգվածային զոհերը, ըստ BBC-ի թղթակից Ջերեմի Բոուենի, Ասադին հավատարիմ ուժերի որդեգրած գործելաոճի արդյունք են: «Սիրիական բանակի արդյունավետ մարտավարական հնարքներից մեկը ապստամբների կողմից վերահսկվող տարածքների մեկուսացումն է և ընդդիմության մարտիկներին սովամահության մատնելը: Բայց չէ որ ապստամբներից բացի սովի են մատնվում նաև այդ տարածքում ապրող խաղաղ բնակիչները, ինչը հակասում է պատերազմի կանոններին», - հարցրեց բրիտանացի լրագրողը:

«Դա ճիշտ չէ մեկ պատճառով` այն տարածքների մեծ մասից, որոնք հայտնվել են ապստամբների հսկողության ներքո, խաղաղ բնակչությունը վաղուց հեռացել է` անցնելով այն շրջաններ, որոնք վերահսկվում են մեր կողմից», - պնդեց Ասադը` հերքելով նաև իրավապաշտպանների կողմից հաճախ հնչեցվող մեկ այլ մեղադրանք, թե սիրիական բանակը իր ռմբակոծությունների ընթացքում չի տարբերակում ռազմական և խաղաղ թիրախները: Խոսքը մասնավորաբար սիրիական բանակի կողմից կիրառվող մի նորամուծության մասին է, երբ պայթուցիկով լի տակառները ուղղաթիռներից նետվում են ապստամբների կողմից վերահսկվող քաղաքային թաղամասերի վրա: «Ես գիտեմ, որ բանակը փամփուշտներ է կիրառում, հրթիռներ և ռումբեր: Տակառների կամ, ասենք, խոհանոցային կաթսաների մասին որևէ տեղեկատվության ես չեմ տիրապետում», - հեգնեց Սիրիայի նախագահը:

Ամփոփելով հարցազրույցը՝ BBC-ի մեկնաբան Ջերեմի Բոուենը ասաց․ - «Այն փաստը, որ Ասադը կրկին սկսել է հարցազրույցներ տալ օտարերկրյա հեռարձակողներին, վկայում է, որ նա իրեն ավելի ապահով է զգում: Ճիշտ է, նրա բազմաթիվ թշնամիները կմերժեն այս հարցազրույցի ընթացքում Ասադի հնչեցրած հայտարարությունների մեծ մասը: Սակայն վերջին մի քանի տարիները եկան ապացուցելու` Բաշար Ասադին թերագնահատել չի կարելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG