Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հակված է ընդունել խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու ԲՀԿ-ի առաջարկը


ՀԱԿ խմբակցության պատգամավորները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ
ՀԱԿ խմբակցության պատգամավորները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

ԲՀԿ-ն առաջարկում է բոյկոտել ԱԺ-ի աշխատանքները՝ մինչև չբացահայտվի կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծելու դեպքը։

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ամենայն հավանականությամբ կընդունի «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) առաջարկը՝ քննարկելու Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, «Ազատությանը» փոխանցեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակում ցանկացած քաղաքացիական ընդվզման դրսևորում ընդունելի է:

«Ես ավելին ասեմ, իմ անձնական կարծիքով՝ անգամ անցած քառօրյան կարելի էր բոյկոտել, որովհետև մի իշխանություն, մի խորհրդարան, որտեղ այս բռնությունները կարող են արդարացվել, և դեպուտատները փաստաբան են աշխատում հանցագործների, անգամ փորձում են մեղադրել տուժողներին, էդ ձևի խորհրդարանում աշխատել իհարկե չարժի, էդ ձևի իշխանությանը հեռացնելն է միայն ճիշտ», - ասաց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությանն առաջարկել էր քննարկել խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հարցը, քանի դեռ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու միջադեպը բացահայտված չէ։ Կուսակցությունն իր տարածած հայտարարության մեջ նշել էր, որ այդ մասին խորհրդակցություններ կսկսեն այլ խմբակցությունների հետ:

Արամ Մանուկյանը ևս համարում է, որ Արտակ Խաչատրյանի հետ կապված դեպքը քաղաքական բնույթ ունի։

«Ակնհայտ է ինձ համար, որ խնդիրը քաղաքական է, որովհետև ծեծողները ո՛չ սպառնացել են, ո՛չ բացատրություն են տվել, ո՛չ բացատրություն են ուզել: Ակնհայտ հանձնարարություն է ստացվել, եկել են, հանձնարարությունը կատարել են, գնացել են, և եթե տեսնում եք՝ բոլոր վերջին դեպքերը էսպիսի ընդհանուր երանգ ունեն, այսինքն՝ թիրախը միայն էն մարդիկ չեն, ում ծեծում են, բնականաբար՝ դրանք քաղաքական են: Էդ ամենով իշխանությունները ցույց են տալիս, որ «կարող ենք բոլորի հետ էսպես վարվել», - ընդգծեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ անդամի հետ կատարվածը գնահատելիս համեմատություն է անում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետ, երբ ռուս զինվորը սպանեց մեկ ընտանիքի 7 անդամների։

«Հայաստանի Հանրապետության իրավական մարմինները այս բռնության մթնոլորտը չեն կարողանում կանխել և չեն կարողանում իրավիճակը ղեկավարել այնպես, որպեսզի ՀՀ-ում քաղաքացիների նկատմամբ բռնություններ չլինեն: Ու հենց հետևանքը այն է, որ այս բռնությունները շարունակական բնույթ են ունենում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու մասին «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկին, ապա Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ձևակերպվող պահանջի մեջ պետք է ներառվեն նաև Գյումրիի սպանությունները։

«Այս բոյկոտի պահանջի մեջ պետք է ներառված լինի նաև՝ ռուսական ռազմաբազայի տիրույթից, վերահսկողությունից պետք է ապօրին այնտեղ գտնվող Պերմյակովին պարտադիր փոխանցեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Հետևաբար, եթե բոյկոտ է և պահանջը արդարացի է, որպեսզի քաղաքական ուժերը իրապես արդար լինեն ամբողջ բռնարարքների նկատմամբ, ապա պետք է պարտադիր այդ եղեռագործությունից, դրա հետևանքով առաջացած ապօրինություններից և արդեն նաև այս վերջին իրադարձությանը նույնպես պահանջներ ներկայացնեն և համալիր պահանջի ներքո իրականացնեն բոյկոտը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG