Բերձորում տեղի ունեցած աղմկոտ իրադարձություններից հետո Ստեփանակերտ գործուղված հայաստանցի պատգամավորները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ քննարկել են անցած շաբաթ օրը տեղի ունեցած դեպքերը։ Բակո Սահակյանը հայաստանցի պատգամավորներին հավաստիացրել է, որ ընթանում է ծառայողական քննություն և մեղավորները կպատժվեն։
Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի համաձայն, Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության աճի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանը քննարկվել է նաև Բերձորում նախախորհրդարանի ավտոերթի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունների հարցը։
«Օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը», - ասված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պաշտոնական կայքէջում։
Հայաստանցի խորհրդարանականների պատվիրակության կազմում ընդգրկված՝ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Բակո Սահակյանն իրենց հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտել է՝ ավտոերթը, հատկապես սահմանային այս լարված իրավիճակում, կարող էր վտանգել Արցախի պետականությունն ու Հայաստան-Լեռնային Ղարաբաղ պետությունների հարաբերությունները:
«Լեռնային Ղարաբաղի նախագահը շեշտեց, որ դա Արցախի Հանրապետության վտանգող ակցիա է դիտվել և բավականաչափ վատ տրամադրվածություն է եղել հասարակության կողմից, որը դուք տեսաք, թե ինչ դեպքերով եզրափակվեց: Նման դեպքերը վտանգավոր են մեր երկու պետությունների ապագայի համար», - նշեց Բաբայանը:
Բերձորի դեպքին հաջորդել էր նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն է առաջացրել Լեռնային Ղարաբաղի հասարակության տարբեր հատվածներում: Ոստիկանությունն էլ, ունենալով երթը կասեցնելու մասին տեղեկություններ, հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը նաև փոխանցեց, որ Բակո Սահակյանը երեկ ևս մեկ անգամ շեշտել է՝ հաշվի առնելով ղարաբաղցիների վատ տրամադրվածությունը այդ ակցիայի հանդեպ, նպատակահարմար չէր այն իրականացնել։ Բաբայանը կիսում է Լեռնային Ղարաբաղի նախագահի այդ կարծիքը։
Հայաստանի խորհրդարանականների պատվիրակության մեկ այլ անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն «Ազատությանը» հիշեցրեց, որ Ղարաբաղի իշխանությունները երկու ամիս շարունակ բանակցել են նախախորհրդարանի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել ակցիայի նկատմամբ ղարաբաղցիների վատ տրամադրվածության մասին, բայց, փաստորեն, նախախորհրդարանը նրանց չի լսել։
«Արցախը դեռ ունի ռազմական իրավիճակ, ռազմական դրության տարբեր օրենքներ, որոնց հիման վրա նաև հնարավոր է այդպիսի որոշում կայացնել: Ամբողջ արցախցիների նաև միտքն ու ուշադրությունը այդտեղ էր, շատ նորմալ բացատրվեց, որ Արցախում երբևէ խնդիր չի կարող լինել Հայաստանի իշխանությունների խնդիրը կամ ով պետք է լինի: Իրենց համար ցանկացած իշխանություն Հայաստանում ընդունելի է լինելու, ցանկացած քաղաքական գործիչ էլ ընդունելի է, բայց եթե չի գալիս ապակայունացնելու իրավիճակը», - մեկնաբանեց Պողոսյանը:
Բակո Սահակյանն, այդուհանդերձ, հավաստիացրել է, որ ծառայողական քննություն է ընթանում և մեղավորներն անպայման կպատժվեն:
«Պատասխանատվության ենթարկելու և այլ հարցեր էլ են քննարկելու, որ նման դեպքերը չկրկնվեն և Արցախի վարկը մնա այնպիսին, ինչպիսին կար», - փոխանցեց Վահան Բաբայանը: