Մատչելիության հղումներ

«Ուլիս»-ի կազմում Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ է փորձարկվել


Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Ուլիս» ակումբի կազմում Անթալիայում անցկացված ուսումնամարզական հավաքների ընթացքում փորձարկվել է նախկինում Ադրբեջանի պատանեկան հավաքականի անդամ Շամիլ Կուրբանովը:

Ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ պաշտպանը ազգությամբ դաղստանցի է՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ: Ֆուտբոլիստը հեռացել է «Ուլիս»-ից և նրանք Կուրբանովի հետ պայմանագիր կնքելու միտք էլ չեն ունեցել:

«Ուլիս»-ի գլխավոր բաժնետեր Վալերի Օգանեսյանը, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է. - «Մենք Կուրբանովին գիտենք որպես դաղստանցի ֆուտբոլիստ, և նա Ռուսաստանի Դաշնության անձնագրով է ներկայացել մեզ: Փորձաշրջանից հետո նա արդեն «Ուլիս»-ում չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ նա ժամանակին խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում»:

«Ուլիս»-ը Անթալիայում փորձարկել է մի շարք ֆուտբոլիստներ:

«Հավաքի ժամանակ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարվում և ֆուտբոլիստներին փորձարկելով՝ «Ուլիս»-ը նախևառաջ ուզում է ուժեղացնել թիմի կազմը: Իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստը մեր թիմի կազմում, բնականաբար, հանդես գալ չի կարող հասկանալի պատճառներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինքը՝ Կուրբանովը, Azerisport-ի հետ զրույցում ասել է. - «Ուլիս» տեղափոխությունը հնարավոր է, սակայն դեռևս որևէ պայմանագիր կնքված չէ: Հնարավոր է, որ խաղամ հայկական ակումբում: Գիտեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մասին, հարգում եմ երկու ազգերին էլ: Ես կոնֆլիկտի մասնակից չեմ, ես Ռուսաստանի հասարակ քաղաքացի եմ»:

Նշենք, որ 1993 թվականին ծնված, ՌԴ քաղաքացի Կուրբանովը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում «Սատուրն» ակումբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG