Ադրբեջանի սահմանամերձ գոտում այսօր տեղի է ունեցել նոր զորամասի բացման արարողությունը, տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության կայքին:
Զորամասի բացմանը մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Ելույթ ունենալով զինծառայողների առաջ, Հասանովը հայտարարել է, որ Զինված ուժերը պարտավոր են արդարացնել երկրի ղեկավարության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող վստահությունը և մշտապես բարձրացնեն իրենց մարտական պատրաստականության մակարդակը՝ նախարարի ձևակերպմամբ՝ «մեր հողերը օկուպացիայից ազատելու համար»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այս օրերին անցկացվող զորավարժություններին՝ Հասանովը, մասնավորապես, ասել է․ - «Անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունները հերթական անգամ ի ցույց են դնում մեր բանակի ուժը: Թշնամին պետք է հասկանա, որ այս իրադրությունից միակ ելքը ադրբեջանական օկուպացված հողերի ազատումն է»: