Մատչելիության հղումներ

Քերրին մոտ ապագայում այցելելու է Վրաստան


Ջոն Քերրի և Թամար Բերուչաշվիլի, Բազել, դեկտեմբեր, 2014թ․
Ջոն Քերրի և Թամար Բերուչաշվիլի, Բազել, դեկտեմբեր, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մոտ ապագայում այցելելու է Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին ԱՄՆ մեկշաբաթյա այցի ավարտին:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Բերուչաշվիլին ասել է, որ ԱՄՆ - Վրաստան ռազմավարական համագործակցության խարտիայի շրջանակում Միացյալ Նահանգների պետքարտուղարը մոտ ապագայում կայցելի Թբիլիսի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ-ում հանդիպել է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելել է հետազոտական կենտրոններ:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների և սենատորների հետ հանդիպմանը վերջիններս պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում այցելել Վրաստան՝ ծանոթանալու բարեփոխումների իրականացման ընթացքին:

Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում նշված է․ - «Կոնգրեսականների այցելությունը կլինի մեր երկրին աջակցելու և համերաշխություն հայտնելու ևս մեկ ապացույց»:

Հաղորդագրությունում ասված է նաև, որ քաղաքական երկխոսությունից բացի՝ Բերուչաշվիլիի այցի հիմնական թեմաներից էր նաև առևտրատնտեսական համագործակցությունը: Քննարկվել են ԱՄՆ-ի հետ ազատ առևտուր սահմանելու հնարավորությունները, դրան հասնելու ուղիները:

Բերուչաշվիլին հայտնել է, որ այս տարվա մարտին նախատեսված է Միացյալ Նահանգների առևտրի դեպարտամենտի առաքելության այցելությունը Վրաստան, ինչը ամերիկյան բիզնեսի համար լավ հնարավորություն կլինի՝ ծանոթանալու Վրաստանի գործարար միջավայրին:

Քննարկումներ են եղել նաև Հազարամյակի կորպորացիայի գործադիր ղեկավարների հետ:

Քաղաքական հարցերի առումով, Վրաստանի արտգործնախարարությունը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգները հստակ աջակցում է Վրաստանի եվրոպական քաղաքականության օրակարգին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին: Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, Վրաստանի օկուպացված տարածքների ներկայիս իրավիճակին, ասված է վրացական արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի, Արևելյան Եվրոպայի արտգործնախարարների հանդիպման շրջանակում Թամար Բերուչաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ՝ քննարկելով արտաքին քաղաքականության բոլոր հիմնական ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG