Մատչելիության հղումներ

Գյումրիի գործով ձերբակալվածի «ազատազրկման համար հիմք չկա». Փաստաբան


Գյումրիի գործով ձերբակալվածի «ազատազրկման հիմք չկա». Փաստաբան
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Սառնաղբյուրցիները պատրաստ են բողոքի գործողություններ ձեռնարկել՝ համագյուղացու ազատ արձակման համար։

Չորեքշբաթի երեկոյան ձերբակալված Մնացական Ալեքսանյանի ազատազրկման համար որևէ հիմք չկա, ասում է փաստաբան Հայկ Հարությունյանը։

22-ամյա երիտասարդը երեկ ոստիկանություն էր հրավիրվել և մի քանի ժամ անց ձերբակալվել Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։

«Նրանք որպես ձերբակալման հիմք նշել են, որ կարող է կատարել Քրեական օրենսգրքով արգելված նոր արարք կամ խուսափի պատասխանտվությունից։ Նման հիմքեր, բնականաբար, բացակա են։ Եթե նա փախուստի դիմելու լիներ, արդեն իսկ դիմած կլիներ, ուստի ձերբակալման հիմքեր չկան։

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո տեղի ունեցած ինքնաբուխ ացիայից հետո հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով: Այդ ակցիաների մասնակից երիտասարդին, ըստ հարազատների, վերջին օրերին մի քանի անգամ ոստիկանություն են հրավիրել, անգամ անձնագիրն են պահել:

«Նա կասկածվում է խուլիգանության համար՝ խախտել է հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող այլ առարկա է նետել ոստիկանների վրա, խախտել է այլ անձանց հանգիստը, փակել է երթևեկությունը, հարվածել է ոստիկանության մեքենային»,- փոխանցեց փաստաբանը։

Մնացական Ալեքսանյանի փաստաբանն ու հայրը այսօր բողոքարկեցին երիտասարդի ձերբակալման որոշումը, սակայն անարդյունք: Մարտիրոս Ալեքսանյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ են հենց իր որդուն ձերբակալել, երբ տեսանյութերում պարզ երևում է, որ վերջինս ավելի շատ փորձել է հանգստացնել հավաքվածներին:

«Էդ ժամանակ, որ քարեր են նետում, իրեն էլ է կպնում էդ քարերից, հետո ժողովուրդը, որ խփում է, ինքը սկսում է ժողովրդին հանգստացնել, ասում է՝ մի խփեք, հանգստացեք»,- ասում էր հայրը.- «Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ ինչի համար հենց միայն իրեն են ձերբակալել, չէ՞ որ այնտեղ հարյուրավոր մարդիկ կային»։

Քննադատելով որդու ձերբակալության որոշումը՝ հայրը պնդում է՝ իր որդին այդ օրը արդար պահանջով էր փողոց դուրս եկել.- «Ժողովուրդը ոչ թե փակել է ճանապարհը և այլն, այլ խաղաղ երթով շարժվում էին դեպի հյուպատոսարան՝ իրենց պահանջը ներկայացնելու, բայց փակեցին ճանապարհը...»։

Այսօր Շիրակի մարզի դատախազությունից այդպես էլ պարզաբանում չստացանք, թե ինչու է դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ձերբակալության մասին որոշում կայացրել: Կեսօրից հետո Շիրակի դատախազությունում երկու ժամ շարունակ ուժային կառույցների ու Շիրակի մարզպետի մասնակցությամբ դռնփակ խորհրդակցություն էր՝ գլխավոր դատախազի տեղակալի մասնակցությամբ:

Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը ևս մասնակցում էր այդ խորհրդակցությունը։ Նրանից փորձեցինք պարզել, թե ոստիկաններն ինչո՞ւ են առանց ծանուցագրի բերման ենթարկել Մնացական Ալեքսանյանին:

«Առանց ծանուցման ոչ մեկին չեն տարել, ուղղակի հրավիրվել են, իսկ քրեական գործի շրջանակներում մնացած բոլոր գործողությունները Քննչական կոմիտեի, դատախազության գործողություններն են, որոնք իրականացվել են։ Անօրինական ոչ մի գործողություն չկա բացարձակապես»,- պնդեց Նադարյանը։

Այնինչ երիտասարդի հայրն ասում է, որ իր որդուն առանց ծանուցագրի են բերման ենթարկել երկու անգամ: Մարտիրոս Ալեքսանյանը ասում է, որ Սառնաղբյուրում հիմա լարված վիճակ է, և եթե որդուն ազատ չարձակեն, պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի։

«Իմ քայլերը անկանխատեսելի են լինելու, թե ժողովուրդը ինչ կանի, դա ես չեմ կարող ասել»,- ասաց հայրը։

Հավելենք, որ գյուղամիջում հավաքված սառնաղբյուրցիները ևս հաստատակամ էին ձերբակալված երիտասարդին աջակցելու գործում։ Նրանք պատրաստ են փակել Գյումրի-Երևան ավտոմայրուղին և բողոքի այլ գործողությունների դիմել՝ համագյուղացու ազատ արձակման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG