Մատչելիության հղումներ

Ուկրաինա. Դեբալցևոյում իրավիճակը սրվել է, մարդկանց տարհանում են


Ուկրաինա - Բնակչության տարհանումը Դեբալցևոյից, 4-ը փետրվարի, 2015թ.
Ուկրաինա - Բնակչության տարհանումը Դեբալցևոյից, 4-ը փետրվարի, 2015թ.

Արևելյան Ուկրաինայում՝ հատկապես Դեբալցևո քաղաքում, որի մեծ մասը ռուսական վերահսկողության տակ է, իրավիճակը չի հանդարտվում:

Ուկրաինական բանակի ներկայացուցիչներն այսօր հայտարարել են՝ անջատողականները, Դեբալցևոյի տարածքում իրենց դիրքերի վրա հարձակվելով, կիրառել են «բոլոր տեսակի զենքերը»: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ռազմական գործողությունների կենտրոն դարձած Դեբալցևոյից տարհանվել է մոտ 2500 խաղաղ բնակիչ: Տարհանվածներից մոտ 700-ը երեխաներ են:

ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողությունների ժամանակ Լուգանսկի շրջաններից մեկը ռմբակոծվել է կասետային ռումբերով, հյուսիս-արևմուտքից արձակվել են «Սմերչ» տեսակի հրթիռներ:

Մարդկային կյանքերի գնով Եվրամիության ուղին նախընտրած Ուկրաինայի խորհրդարանն այսօր որոշել է նախագահի տիտղոսից զրկել զանգվածային սպանությունների մեջ մեղադրվող ու երկրից փախնելուց հետո հետախուզման մեջ գտնվող Վիկտոր Յանուկովիչին՝ Սահմանադրությունը խախտելու, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ապահովելու պարտավորությունը չկատարելու, քաղաքացիների ազատությունները սահմանափակելու համար:

Իսկ Յանուկովիչի փախուստից հետո Ուկրաինայում չհանդարտվող պատերազմական գործողությունների պայմաններում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ անգամ չնչին կասկած չունի, որ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինայի մյուս դաշնակիցներն իր երկրին զենքով կօգնեն՝ ռուսամետ անջատականներից պաշտպանվելու նպատակով:

Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինային ոչ մարտական օժանդակությունն ու տնտեսական աջակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին: Նա տեղեկացրել է, որ այս քաղաքականությունը կարող է փոխվել միայն Անվտանգության խորհուրդի որոշմամբ:

Պատերազմի մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը պայմանավորված է հարազատ ժողովրդի պաշտպանությամբ։

«Ես շատ եմ ամաչում լավ ապրել աշխարհում, երբ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ մահանում է, տանջվում է, սոված է»,- պնդում է ուկրաինական կողմի ներկայացուցիչը:

Սանկտ Պետերբուրգից ռուս անջատականներին միացած ՌԴ քաղաքացին ասում է.- «Ես թողեցի ամեն ինչ և գնացի պաշտպանելու այն ռուսներին, որոնց սպանում են»։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է՝ Ուկրաինայում շարունակաբար ահագնացող բռնությունները պետք է ավարտվեն:Մոգերինին մեղադրել է ռուս անջատականերին «մարդկային մեծ տառապանքների պատճառ դարձած» ռազմական գործողությունների համար:

Ուկրաինայի վերաբերյալ այսօր իր խոսքն է հղել Հռոմի պապը: «Անկասկած իրավիճակը գնալով վատթարանում է, և սա բոլոր կողմերի տեսակետն է»,- ասել է Հռոմի պապը և հորդորել աղոթել զոհվածների հոգիների հանգստության համար: Հռոմի պապը նաև կոչ է արել վերջ դնել բռնություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG