Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գնալով սրվում են, ընդ որում, լարվածությունը դրսևորվում է արդեն ոչ թե սոսկ ռազմական, այլև պատմական ասպարեզում։
Լեհաստանն առաջարկում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի միջոցառումների իր տարբերակը, որն ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի դիրքորոշմանը։
«Ինչո՞ւ տոնել պատերազմի ավարտը Մոսկվայում, այլ ոչ թե, ասենք, Լոնդոնում կամ Բեռլինում, ինչն ավելի տրամաբանական է թվում։ Եվրոպայում սովորել են, որ Ռուսաստանը պատերազմի ավարտը նշում է Մոսկվայում` այնտեղ, որտեղ պատերազմը սկսվել է: Դա անբնական է»,- երեկ ասել է Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան։
Լեհաստանը, նախարարի փոխանցմամբ, ցանկանում է կազմակերպել Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված այլընտրանքային տարբերակ, ըստ որի միջոցառումը տեղի կունենա Գդանսկի մոտակայքում գտնվող Վեստերպլատտե թերակղզում, որտեղ տեղի են ունեցել Երկրորդ աշխարհամարտի ամենաառաջին բախումները։ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին առաջարկում է Եվրոպայի ղեկավարներին մայիսի 8-ին այցելել Վեստերպլատտե։
Մոսկվան զայրույթով է արձագանքել Վարշավայի այդ նախաձեռնությանը։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ լեհերի նպատակն է խափանել մայիսի 9-ին եվրոպական մի շարք ղեկավարների այցը Մոսկվա։
«Մենք կդիմանանք, եթե ինչ-որ մեկը չգա Մոսկվա»,- ասել է Իվանովը, նշելով, որ 22 պետությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը 2015 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Խոսքը ԱՊՀ և ասիական երկրների, ինչպես նաև Իսրայելի ղեկավարների մասին է։
Վեստերպլատտեն փոքր թերակղզի է Գդանսկի ծովածոցում։ Այն համարվում է լեհական դիմադրության խորհրդանիշ։ 1939 թվականին Վեստերպլատտեում տեղակայված էր լեհական զինապահեստ և կայազոր։ Սեպտեմբերի 1-ին, որը համարվում է Երկրորդ աշխարհամարտի առաջին օրը, «Շլեզվիգ-Հոլշտայն» գերմանական զրահանավի թնդանոթները կրակ են բացել կայազորի վրա։ Ֆաշիստները Լեհաստանից պահանջել է Վեստերպլատտեն հանձնել Գերմանիային։ Թերակղզում է գտնվում այդ օրերին զոհված լեհական կայազորի զինվորների եղբայրական գերեզմանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը դատապարտել է լեհերի նախաձեռնությունը։
«Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վերանայմանն ուղղված նախարար Սխետինայի ոչ հմուտ և անճոռնի ճիգերը խայտառակում են Լեհաստանի դիվանագիտական ծառայությունը»,- ասել է Կարասինը։