Մատչելիության հղումներ

Իգոր Մուրադյան. «ԼՂ իշխանությունները ցանկանում են Արցախը վերածել ռուսական զոնայի»


Իգոր Մուրադյան. «ԼՂ իշխանությունները ցանկանում են Արցախը վերածել ռուսական զոնայի»
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Դաժանաբար ծեծի ենթարկելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին և ապօրինաբար արգելելով նրանց մուտքը Արցախ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ցանկանում են Արցախը վերածել ռուսական «զոնայի», որտեղ արգելված է այլակարծությունը, և որի հետևանքն էլ ի վերջո կլինի ռուսական զորքերի մուտքը Արցախ: Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից քաղաքագետ Իգոր Մուրադյանը, ով նույնպես շաբաթ օրը մասնակցել էր դեպի Ղարաբաղ ավտոերթին:

«Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանությունների նպատակն է ռուսական զորքեր մտցնել Ղարաբաղ և այդ նպատակին հասնելու կես ճանապարհին են: Այդ տարածքում չպետք է լինեն ոչ ստանդարտ, ռեժիմի դեմ ուղղված մտորումներ, քայլեր: Ամեն ինչ պետք է զարգանա ըստ պլանի, և որևէ անսպասելի բան չպետք է տեղի ունենա»,- հայտարարեց Մուրադյանը։

Ասուլիսի ընթացքում, ի նշան բողոքի, Մուրադյանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից դեռ 2003 թվականին իրեն շնորհած Մեսրոպ Մաշտոցի շքանշանից:

«Սա ինձ պետք չէ, ես այն վերադարձնում եմ»,- ասաց նա։

Մուրադյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում և Ղարաբաղի ճանապարհին, Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված ներկայացում էր՝ «հատուկ ռուսների համար»։

«Հայաստանի իշխանությունների նպատակն է ցույց տալ ռուսներին, որ իրենք լոյալ են Ռուսաստանին: Այս ամենը գարշելի է: Այն մարդիկ, ովքեր ինձ ժամանակին շնորհել են այս շքանշանը, պետություն չեն ներկայացնում։ Այնտեղ՝ Արցախում, երբեք պետություն չի եղել, այնտեղ «զոնա» է, ընդ որում ցավալի է, որ ոչ թե հայկական զոնա է, այլ՝ ռուսական», - ասաց Մուրադյան։

«Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սա անում են իշխանության ղեկին մնալու համար»,- եզրափակեց Իգոր Մուրադյանը:

«Մանկահասակ երեխաները տեսնել էին, թե ինչպես են կրակում գետնին»

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, Հայաստանի Զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, ում դեմքը պատված էր կապտուկներով, ասուլիսում հայտարարեց՝ տեղի ունեցածը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հատուկ մշակված օպերացիա էր:

Վարուժան Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան

«Կրակում էին մեծամասամբ օդ, ինչպես նաև մի քանի անգամ կրակել են գետին։ Դա տեսել է և Պավել Մանուկյանը, և մանկահասակ երեխաները, որոնք հետո պատմում էին, որ տեսնում էին, թե ինչպես են կրակում են գետին, և հետհարվածով գնդակները թռչում են այս ու այն կողմ»,- պատմեց Ավետիսյանը։

Ըստ Ավետիսյանի՝ ոստիկանական ուժերը հատուկ ծրագիր էին մշակել «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ, կույր Ալեք Ենիգոմշյանին առևանգելու և ծեծի ենթարկելու համար, սակայն շփոթել և ուրիշին էին առևանգել.- «Այնտեղ ռադիոկապով խոսակցություն է եղել, որից Պավել Մանուկյանը պարզ հասկացել է, որ Ալեքի մասին է խոսքը։ Ասել են՝ սլեպոյին բռնել եք, դե, սատկացրեք»։

Հրապարակված տեսանյութերից հետո էլ պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է պնդել, որ տեղի ունեցածը սադրանքի հետևանք էր:

ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատությանը» ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանի» ակցիան վաղուց բացասական արձագանք էր գտել ամբողջ Լեռնային Ղարաբաղում, և իրենք նախապես հորդորել էին զերծ մնալ այդ քայլից։

«Ոստիկանությունը փորձում էր նրանց հորդորել, որպեսզի վերադառնան։ Արդյունքում «Նախախորհրդարանից» մի քանի հոգի, փաստորեն, հորդորները ոչ միայն չեն ընդունել, այլև քայլեր կատարեցին, որի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասաց Բաբայանը։

Իրավապաշտպանների համոզմամբ՝ միջազգային ճանաչման ձգտող պետությունում, եթե անգամ սադրանք է տեղի ունեցել, իրավապահները իրավունք չունեին դաժանաբար ծեծել մարդկանց, ջարդուփշուր անել նրանց ունեցվածքը:

«Դատելով կադրերից, որ ես տեսել եմ համացանցում, ոստիկանությունը կամ հատուկ ծառայությունները նախապես պատրաստվել էին այդ ակցիային, ծրագրել էին այդ ակցիան և իրականացրեցին։ Այսինքն պատահական հանգամանքների բերումով չէ, որ դա տեղի է ունեցել։ Նրանք գիտեին, որ կա ավտոերթ և որոշել էին, որ պետք է կիրառեն այդ բարբարոսությունը»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

XS
SM
MD
LG