Մատչելիության հղումներ

ԵՏՄ անդամակցությունը չի հեշտացրել հայ միգրանտների մուտքը Ռուսաստան


Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ
Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ

Այս տարի Ռուսաստանը կրկին խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, ու թեև Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, արտոնություն է ստացել, սակայն դրանք կամայականորեն են կիրառվում:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո հատկապես արտագնա աշխատողները հույս ունեին, որ առանց դժվարությունների կկարողանա Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի մեկնել։ Իսկ անցած տարի սև ցուցակում հայտնվածները սպասում էին, թե 3-5 տարվա արգելանքը կվերանայվի և կկարողան մեկնել խոպան։

Սակայն, ըստ էության, հայ խոպանչիները շարունակում են խնդիրների բախվել հենց սահմանին: Այս տարի Ռուսաստանը կրկին խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, ու թեև Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, արտոնություն է ստացել, սակայն դրանք կամայականորեն են կիրառվում:

Այդ մասին «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետևանքները Հայաստանի համար» քննարկմանը խոսեցին ժողովրդագրագետներն ու իրավապաշտպանները: Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի իրավաբան Վանուհի Գասպարյանը թարմ օրինակ բերեց։

«Կենտրոն դիմել էր մի քաղաքացի, ով փորձել էր դուրս գալ ՌԴ տարածք և նրա մուտքը արգելել էին մինչև 2030 թվականը, այսինքն 15 տարի։ Սա բացարձակ հակասություն է, քանի որ օրենքը նախատեսում է առավելագույն 10 տարի ժամկետով արգելանք»,- պատմեց իրավաբանը։

Իրավական առումով միգրանտն, ով հայտնվել է արգելանքի տակ, կայացրած որոշումը բողոքարկելու իրավունք ունի, բայց պարզվում է դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ այնքան էլ հստակ չէ, թե որ մարմնին պետք է բողոքարկել։ Բողոքարկելու համար էլ տրվում է 10 կամ 15 օր ժամանակ։

Գյումրիի քաղաքապետարանի աշխատակից Մկրտիչ Ճարտարյանը, ով ՌԴ մուտքի արգելանքի տակ հայտնված գյումրեցիներից անցած տարի դիմումներ էր ընդունում, ասաց.- «Մենք ընդամենը ցուցակ ենք ստացել ՀՀ միգրացիոն ծառայությունից, այն մարդկանց ցուցակը, ում թույլատրվել է, ընդամենը 43 մարդ են Գյումրիից։ Մյուսներին չի թույլատրվել սահմանը հատել»։

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այս տարի աշխատանքային միգրանտների համար դրական սպասումներ չունի։

«Միությունը տեսականորեն նշանակում կապիտալի, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժ։ Բայց գործնականում ես որևէ ակնկալիք չունեմ, որ էապես կբարելավվի մեր միգրանտների իրավիճակը Ռուսաստանում»,- ասաց Եգանյանը։

XS
SM
MD
LG