Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները այսօր ժամը 13:00-14:00-ի սահմաններում Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով դիմել են պատժիչ գործողությունների, հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս գործողությունների արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն երկու զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
ՊԲ-ն պարզաբանում է, որ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված վերոնշյալ քայլերը կատարվել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «այսօր ժամը 15-ի շրջանում Ղազախի ուղղությամբ հայկական վեց հոգանոց դիվերսիոն խմբի ոչնչացման մասին», ինչին ի պատասխան Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հարցրել է.- «Ադրբեջանի հարգելի ագիտպրոպ, իսկ որտե՞ղ են հայ դիվերսանտների մարմինները»։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, haqqin.az-ի փոխանցմամբ, հայտնել է, որ այսօր 12։55-ին շփման գծի մեկ այլ հատվածում՝ Խոջավենդի շրջանում, հայկական կողմից հրադադարի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի շարքային զինծառայող Ալլահվերդիև Էշգին Ռագիմ օղլուն»։