Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, նամակում ԼՂ ներկայացուցիչը նշում է, որ «Ադրբեջանի դեսպանը, թվում է թե, կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը սևեռել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա, որը մնում է չլուծված Ադրբեջանի ռևանշիստական նկրտումների պատճառով»։
Ավելի վաղ պարբերականը Ադրբեջանին ուղղված հերթական կոշտ քննադատությամբ էր հանդես եկել՝ հիմնվելով WikiLeaks-ում տեղ գտած մի շարք աղաղակող հրապարակումների վրա:
Ադրբեջանցի դիվանագետը իր պատասխան նամակում ամերիկյան պարբերականի հրապարակած հոդվածը չհիմնավորված էր որակել:
Դեսպան Սուլեյմանովն առաջարկում էր «ավելի կառուցողական և իրական խնդիրների» լուծման ուղղությամբ աշխատել՝ մատնանշելով իր խոսքերով «հարյուր հազարավոր բռնի տեղահանվածների հումանիտար կարիքները հոգալը», ովքեր Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները բռնազավթման զոհերն են:
«Ըստ երևույթին, վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել իր երկրում ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից», - գրել է Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչը և ընդգծել, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։
«Ադրբեջանը պետք է դադարեցնի երկրում առկա թերություններն արդարացնելու նպատակով պատրվակների, այդ թվում՝ ռազմական սադրանքների օգտագործումը։ Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում», - մասնավորապես ասված է նամակում։
Ռոբերտ Ավետիսյանը նշում է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետություններում, այդ թվում՝ հարևան Ադրբեջանում խաղաղության, բարեկեցության և ժողովրդավարության հաստատման մեջ»։