Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանին Բակո Սահակյանի հղած ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:
Դուք կանգնած եք եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում և այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անում եք հնարավորը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ: Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, և այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»:
«Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը», - գրել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: