Մատչելիության հղումներ

Հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ «եռակողմ լավ որոշումներ են կայացվել»


Հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ «եռակողմ լավ որոշումներ են կայացվել»
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00

Հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ վերջերս «եռակողմ լավ որոշումներ են կայացվել», և հույս կա, որ նախագծի իրականացումը արագ առաջ կընթանա, այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտգործնախարարը այսօր երկօրյա այցով ժամանել է Երևան: Առավոտյան Զարիֆի հետ բանակցություններ է վարել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախատեսված է, որ բարձրաստիճան հյուրին կընդունեն նաև նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։

«Վստահաբար, քաղաքական կամք գոյություն ունի [Հայաստանի և Իրանի միջև առկա] նախագծերի իրականացումը առաջ տանելու համար: Տեխնիկական որոշ խնդիրներ հաղթահարել ենք: Իրանական կողմն է [Մեղրիի] ՀԷԿ-ի կառուցողը, ներկայացրել ենք տեխնիկական որոշակի պարամետրեր, դրանց պատասխանը ստանալուց անմիջապես հետո արդեն բացվում են առաջընթացի հնարավորությունները: Երկաթգծի հետ կապված եռակողմ շատ լավ քննարկումներ են տեղի ունեցել, լավ որոշումներ են կայացվել, և մենք հուսով ենք, որ դա արագ առաջ կընթանա»,- ասաց Իրանի արտգործնախարարը։

«Մնացած ոլորտներում՝ գազի, էլեկտրաէներգիայի, շատ լավ բանակցություններ են տեղի ունեցել Իրանում, և ընդհանուր համաձայնություններ են ձեռք բերվել։ Մենք հուսով ենք, որ դրանք արդյունք կտան: Որոշակի ֆինանսական խնդիր եղել են, սակայն Հայաստանի կառավարության շատ լավ դերակատարության արդյունքում դրանց մեծ մասը լուծվել է: Հուսով ենք՝ առկա քաղաքական կամքը թույլ կտա լուծել մյուս խնդիրները նույնպես»,- ընդգծեց Զարիֆը։

Իրանի արտգործնախարարը չմանրամասնեց, թե Հայաստան-Իրան երկաթգծի վերաբերյալ եռակողմ ի՞նչ բանակցություններ են եղել, երկու երկրներից բացի ո՞րն է այդ երրորդ երկիրը կամ կողմը, և ի՞նչ է ասել՝ «լավ որոշումներ են կայացվել»:

Այս հարցերը չպարզաբանեց նաև Էդվարդ Նալբանդյանը, ով նշեց, որ քաղաքական կամք և հույս կա, որ շուտով այդ ծրագրերը կյանքի կկոչվեն:

Փոխարենը այսօր «Ազատության» հետ զրույցում վերը նշված հարցերի շուրջ որոշ պարզաբանումներ ներկայացրեց Հայաստանի տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը, ում գլխավորած պատվիրակությունը անցած նոյեմբերին Թեհրանում բանակցություններ էր վարել երկաթգծի վերաբերյալ:

«Թեհրան կատարած իմ այցի ընթացքում համաձայնագիր է նախաստորագրվել, ըստ որի Հայաստանում երկաթգծի շինարարության առնվազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել՝ մինչև Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար: Իսկ երրորդ կողմը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է, որի հետ Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել»,- ասաց Առաքելյանը:

2013-ի հունվարին Հայաստանի կառավարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է իր միջոցներով ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի կառուցման հնարավորությունը, կառուցել այն, որի ավարտից հետո նրան կվերապահվի 30 տարի երկաթգիծը շահագործելու իրավունքը:

2014 թվականի դեկտեմբերին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «Ազատությանը» հայտնել էր, որ մինչև 2016-ի մարտ ամիսը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը «ներկայացնելու է երկաթգծի կառուցման վերջնական նախագիծը», և որ Հայաստանի տարածքում այդ երկաթուղու շինարարությունը կարժենա մոտ 3 միլիարդ դոլար: Նախարարը հավելել էր՝ գլխավոր հարցը ֆինանսներն են։

Սակայն այսօր Արթուր Առաքելյանը հայտնեց.- ««Ռասիա ՖԶԷ»-ն ներկայացել է Հայաստան՝ չինական ներդրողների և տեխնիկական աշխատանքներ կատարող ընկերությունների հետ։ Այս պահին մեր տեղեկություններով այն շատ ակտիվ բանակցություններ է վարում ամբողջական ֆինանսավորման հնարավորությունները մեզ ներկայացնելու համար։ Շատ կարևոր է, որ ներդրողը լինի ոչ թե մեկ երկրից, այլ կարևոր է, որ տարածաշրջանի երկրները մասնակցեն, ինչու չէ նաև Ռուսաստանը»։

Թե ֆինանսավորման վերաբերյալ ո՞ր ընկերությունների հետ է բանակցում «Ռասիա ՖԶԷ»-ն, Առաքելյանը չասաց:

Զարիֆ․ Համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի բոլոր պատժամիջոցները Իրանի նկատմամբ վերանան

Նալբանդյանի հետ այսօր կայացած համատեղ ասուլիսում Զարիֆը խոսեց նաև Արևմուտքի հետ Իրանի հարաբերություններից: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններին՝ նա հայտարարեց.- «Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Միաժամանակ մյուս կողմն էլ պետք է հասկանա, որ պատժամիջոցը լավ գործիք չէ միջազգային խնդիրներ լուծելու համար: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված այսօր հասել ենք լուծման, մոտ ենք լուծմանը»:

Քիչ անց Զարիֆը հավելեց.- «Ժնևում բանակցությունները արդեն հասել են փորձագիտական խնդիրներին, ընդհանուր խնդիրները արդեն քննարկել-անցել ենք, այսինքն ուրանի հարստացման Իրանի ծրագիրը ընդունվել է, և Իրանի միջուկային ծրագիրը շարունակվելու է: Միջուկային զենք ստեղծելու որևէ նպատակ չունենք: Համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի բոլոր պատժամիջոցները Իրանի նկատմամբ վերանան»:

XS
SM
MD
LG