Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանը տեղի ունեցածը համարում է դժբախտ պատահար


Վարդան Պետրոսյանը տեղի ունեցածը համարում է դժբախտ պատահար
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

Դատարանը վճիռը կհրապարակի երեք օրից։

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունն այսօր նորից անցավ լարված ու նյարդային մթնոլորտում այն բանից հետո, երբ տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը ստախոսության մեջ մեղադրեց Պետրոսյանին, նրա ընտանիքի անդամներին և պաշտպաններին:

«Այդ երեխեքին, որ բերել էի, իրա համար էի՞ բերել, պիտի տար սպաներ ու գնար ու մի հատ էլ ճակատը պաչեի՞։ Ինչ ասում ես, սաղ թյուրիմացություն է։ Ինքը շատ բան ունի իմ դեմ պատասխանելու», - ասաց Հակոբյանը՝ պնդելով, թե Պետրոսյանի ընտանիքն ու փաստաբանները գումար են առաջարկել՝ ավտովթարի մեղքը իր վրա վերցնելու համար:

«Ես երեխայի արյուն ծախող չեմ», - հայտարարեց Հակոբյանը։

Տուժողի իրավահաջորդի այս խոսքերից վիրավորված Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը տեղից բղավեց և անհեթեթություն որակեց այս մեղադրանքները: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը Պետրոսյանի քրոջը դուրս հրավիրեց դահլիճից:

Հիշեցնենք, պաշտպանական կողմը 3D ձևաչափով տեսանյութ էր ներկայացրել՝ ուրվագծելով վթարի հավանական պատկերը։ Այս տեսանյութը հիմք ընդունելով, պաշտպանական կողմը պնդում է, որ տուժողի «Նիվան» է հետընթաց արել, ինչն էլ դարձել է դժբախտ պատահարի պատճառ:

Մինչդեռ, ըստ մեղադրող կողմի, Պետրոսյանը գերազանցել է թույլատրելի արագությունը, խոսել է բջջային հեռախոսով և բախվել է Հակոբյանների մեքենային ոչ թե փողոցի բանուկ հատվածում, այլ կողմակում: Պաշտպանական կողմը, մինչդեռ, պնդում է՝ այս վարկածներից որևէ մեկը դատարանում այդպես էլ չի ապացուցվել:

Փաստաբան Սամվել Ջաղինյանը շեշտեց, որ պետք էր ընդամենը ևս մեկ փորձաքննություն նշանակվեր այս տեխնիկական հարցերը պարզելու և վթարի իրական մեղավորին գտնելու համար։

«Պարզելու վերջնական՝ ո՞ր ավտոմեքենայի վարորդն է մեղավոր, և ի՞նչ խախտման հետևանքով է այդ մեղքն առաջ եկել, ուրիշ հարց չկար այստեղ, տեղխնիկական բնույթի հարց էր, իրավաբանական բնույթի որևէ հարց չկար», - ասաց Ջաղինյանը։

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նախորդ նիստում կասակծի տակ դրեց բժշկական եզրակացությունը, որի համաձայն վթարի օրը Վարդան Պետրոսյանի օրգանիզմում ալկոհոլ և թմրանյութ չի հայտնաբերվել: Պետրոսյանի երկրորդ փաստավաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը, հակադարձելով Բալոյանին, հիշեցրեց՝ վթարից անմիջապես հետո ալկոհոլային թեսթ անցել են երկու վարորդներն էլ և արձանագրությունները նույնաբովանդակ են եղել։

«Ես չարացած չեմ։ Վթարը բոլորի համար է, մարդը սայթաքում է»,- արդեն իր վերջին խոսքով դատարանին դիմեց Վարդան Պետրոսյանը և ավելացրեց, որ գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը, իրեն մեղավոր չի ճանաչում:

«Տեղի ունեցածը ես համարում են դժբախտ պատահար, որը կարող է պատահել բոլոր մարդկանց հետ։ Ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, ես գիտեմ ինչ է պատահել, իսկապես գիտեմ, ընդ որում, ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ։ Գիտակցելով պատասխանատվությանս չափը, զղջալով հատկապես սգավոր մայրերի առջև, ես իմ առաջին խոսքը նրանց եմ ուղղել, այնուամենայնիվ, ես ասում եմ, այո՛, ինքս ինձ առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», - հայտարարեց Պետրոսյանը։

Դատարանը գնաց խորհրդակցության սենյակ. մեղադրողը պահանջում է 6.5 տարվա ազատազրկման դատապարտել Վարդան Պետրոսյանին, պաշտպանական կողմը՝ պնդում է, որ անհրաժեշտ է կրկնակի փորձաքննություններ նշանակել՝ իրական մեղավորներին բացահայտելու համար: Դատարանը վճիռը կհրապարակի երեք օրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG